Տավուշի մարզի Զորական գյուղում մարդկանց հիշողություններն ու զրույցները կորցրած լավ կյանքի, տեղահանության եւ ներկայի դժվարությունների մասին են։ Փախստականների գյուղ է Զորականը: 1988-ից սկսած տեղահանվածների չորս ալիք է այստեղ եկել. hիմնական բնակչությունը՝ Չարդախլուից, մյուսները՝ Արցախից։
Խաչիսար կամ Չարդախլու գյուղը Ադրբեջանի Շամխորի շրջանում է, Շամխոր քաղաքից դեպի արեւմուտք, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառի գյուղերից է։ Մինչեւ Արցախյան հակամարտությունը ունեցել է բացառապես հայ բնակչություն։
Չարդախլուն հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այդ մասին են վկայում բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմին Չարդախլուից մասնակցել է 1250 հոգի, որոնցից 12-ը գեներալ են դարձել, 57-ը` գնդապետ, իսկ յոթ չարդախլեցի արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
Սահմանից սահման եկած արցախցիները փորձում են հարմարվել գյուղին։ Տեղանքը կորցրած հայրենիքին է նման, իրենք ու տեղացիներն էլ՝ ճակատագրով։
«Սարերը, բանը, օբշչի մեր գյուղն էլ ա սարեր իլալ, մեծ-մեծ սարեր, նմանություն կա Արցախի գյուղին․․․»․ Գարիկ Ստեփանյանը Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղից է։ Արցախում մեծ այգիներ ու հողատարածքներ են մշակել, պատերազմից հետո նոր տուն կառուցել եւ ապրել այնտեղ մեկ տարի, 19 օր։
Գիտեն, որ Զորականում էլ իրենց պահողը հողն ու այգին են լինելու, թեպետ Գարիկն արդեն աշխատանք է գտել։ Կինը՝ Անուշը, պատրաստ է ամուսնու հետ այստեղ էլ չարչարվել, քարը քարին դնել։ Բայց, ասում է, սիրտները վախ է ընկած։
«Կարող ա՞ թողանք, էստեղից էլ գնանք․․․»․ երեխաների՝ մորն ուղղված մշտական հարցն է։
Կարեն եւ Ռիտա Ասրյանները Մարտունու շրջանի Նորշեն գյուղից են տեղահանվել։ Նոր բնակավայրում այգեգործությամբ են զբաղվում․ այլ անելիք չկա։ Պատահում է՝ օրավարձով գործ են գտնում, բայց, ասում են, աշխատանքի դիմաց այստեղ քիչ են վճարում։
«Դե, էնդեղեք (Արցախում-հեղ․) աշխատավարձնին բարձր են, գնում էիր, ծառերի տակ փորում, օրը ութ հազար դրամ էր, էստեղ սաղ օրը աշխատես՝ հինգ հազարից ավել չեն տալիս։ Բայց դե լավ գյուղ ա, ժողովրդից էլ, գյուղապետից էլ գոհ ենք։ Մեր հարեւաննին մեզ գուրգուրում են, իրանք էլ մեզ նման փախստական են», — ասում է Կարեն Ասրյանը եւ նույն պահին մտաբերում Արցախը՝ «ուշք ու միտքն էնտեղ է»։
Կնոջ՝ Ռիտայի մտորումներն էլ սահմանին կրկին մոտ լինելու, սեփական անկյունը չունենալու եւ Նորշենի իրենց հարեւաններից շատ հեռու գտնվելու մասին են։
«Արցախը չենք մոռանում, ցերեկը էս գյուղի հետ ենք, գիշերները՝ Արցախում։ Կուզեինք մեր գյուղից էլ ըստի մի ընտանիք լինի, մեզ համար ավելի հեշտ կըլեր։ Բայց մեր գյուղացիներից շատը ուրիշ շրջաններում են՝ Մասիսում, Արարատում․․․ Էստեղ էլ ասում են՝ գյուղեր են տալիս Ադրբեջանին։ Վախենում ենք, բայց ո՞ւր գնանք։ Փախչելու տեղ չկա, ոչ մի կողմի վրա հույս չկա, անհույս մարդիկ ենք»։
Անորոշ եւ առանց սպասելիքների նաեւ մյուսների կյանքն է։ Արդեն 35 տարի։ Գեւորգ Մարտիրոսյանը ափսոսանքով ու կարոտով է հիշում հարուստ բնությամբ, բերրի հողերով հայաբնակ Չարդախլուն, որտեղից տեղահանվել են 1988-ին։
1987 թվականի հուլիս-դեկտեմբերին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը վարում էր շրջանի հայաթափման գործընթաց։ Հենց առաջին խոշոր բախումը տեղի ունեցավ 1987 թվականի հոկտեմբերին Չարդախլու գյուղում։
Կոլտնտեսության նախագահի պաշտոնից ազատել էին հայազգի ղեկավարին եւ նրան փոխարեն նշանակել ադրբեջանցի։ Գյուղում սկսվել էին ցույցեր․ բնակիչներն ընդիմանում էին նոր պաշտոնյայի նշանակմանը։
Ամիսներ շարունակվող բռնություններից հետո ադրբեջանական միլիցիայի ուժերը հարձակում սկսեցին գյուղի հայ բնակչության վրա, եղան բռնություններ։ Այս իրադարձությունների արդյունքում շուտով գյուղը հայաթափվեց, ինչին հաջորդեց նաեւ շրջակա գյուղերի հայաթափումը՝ շուրջ16,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Չարդախլուի բնակիչները տեղափոխվեցին Հայաստանի հյուսիսարեւելյան սահման եւ բնակություն հաստատեցին Զորական գյուղում։
Այստեղ՝ Զորականում, ուր մինչեւ 88-ը ադրբեջանցիներ են ապրել, կրկին կոլտնտեսության այգիներում են աշխատել, զբաղվել անասնապահությամբ։ Այդպես երեք տարի։
«Ժողովուրդն արդեն կպել էր աշխատանքի, մեկ էլ քանդվեց Սովետը։ Ոռոգման ջուրը կտրեցին, 300 հեկտար դեղձի այգիները չորացան, խմելու ջուր չկար, շատերը քոչեցին գյուղից։ Նոր-նոր՝ 4-5 տարի ա, որ ոռոգման ջուր կա։ Երեսուն տարի ջուր չենք ունեցել։ Որպես փախստական մենք ոչ մի բան, ոչ մի օգնություն պետությունից չենք տեսել էսքան տարում, վատ վիճակ ա էղել միշտ։ Էս ա մեր պատմությունը»։
Զորականը Նոյեմբերյան խոշորացված համայնքի 19 բնակավայրերից մեկն է։ Գյուղերը միավորվել են 2021-ին։ Տեղացիները մեծ հույսեր են կապել այս գործընթացի հետ՝ կարծելով, որ համայնքների խոշորացման արդյունքում կկարողանան օգտվել սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված պետական ծրագրերից։ Հիմա իրենց խաբված են զգում։
Մանկավարժ Նարինե Մելքոնյանի ընտանիքն էլ Չարդախլուից է ներգաղթել։ Հիշում է՝ տեղահանությունից դեռ ամիսներ առաջ էին Շամխորի շրջանում ակնարկում, որ հողերը շուտով Ադրբեջանինն են դառնալու, որ իրենց հանելու են գյուղից։
Իսկ Զորականում, Նարինեի պատմելով, նախկին ու ներկա դժվարությունները շատ չեն տարբերվում։ Թեպետ քիչ ժամանակ չի անցել, բայց սահմանին մոտ ապրող գյուղացիների կյանքն առանձնապես չի բարելավվել։
«Մութ կյանք էր, ոչ մի բան չկար, օգնություն, ոչինչ․․․ Քանի գնում, վատանում էր ամեն բան։ Ճիշտ է՝ ես չեմ տեսել ավելի վատ օրեր, քան համագյուղացիները։ Դպրոցում էի աշխատում, ամուսինս Ռուսաստանում էր, ամեն տարի գալիս էր․․․ Հիմա ջուր, լուսավորություն կա, նոր-նոր այգիներ են գցում։ Պետությունը պետք է ձեռ չքաշի, ձեռնարկություններ սարքի, արտադրությունը գյուղեր տանի, որ ե՛ւ արցախցիները ե՛ւ մենք կարողանանք ապրել»։
Պատերազմի օրերին Լոռու մարզի Մեծ Այրում եւ Փոքր Այրում գյուղեր կրկին փախստական ընտանիքներ եկան։ Երեսուն տարի անց կրկնվեց այն, ինչն այստեղ ապրողների համար սպիացած վերք էր դարձել։ Նրանք սեփական հարկի տակ կամ հարեւանությամբ տեղավորեցին եկվորներին, որոնց մի մասը հարազատ-բարեկամ էր, մյուսները՝ Հայաստանը երբեւէ չտեսած արցախցիներ։ Պատերազմի, տեղահանության, լքված շեների ու խեղված ճակատագրերի մասին պատմություններն այստեղ շատացան։
Չարդախլուն Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերից միակն է եղել, որտեղից մարդիկ տեղահանվել են առանց լուրջ բախումների։
«Ամենալավ գյուղից» տեղահանվելու ժամանակ Էմմա Քոչարյանը 58 տարեկան է եղել։ Կյանքի ամենալավ տարիներն ու մեծ մասն անցկացրել է Չարդախլուում։ Իսկ Զորականում ապրածը փախստականի կյանք է եղել՝ սոցիալական բազում դժվարություններով։
«էդ վախտը մեզանի զոհ էլել չի։ Մեր գյուղիցը մոտիկ հայ ժողովուրդի գյուղեր են եղել, ասում են՝ նրանց զուլում են արել՝ տալով, կոտրատելով, սպանելով, ինչեր են արել, հա՜։ Բայց մեր Չարդախլվի ժողովրդի կշտովն անց չեն կացել, շնորհիվ մեր Բաբաջանյանի։ Մեզ մաշին են տվել, մեջը փափուկ ծղոտ ածել, որ էրեխեքի տեղը չոր չըլնի, եկել ենք Հայաստան»,- հիշում է 94-ամյա տատը։
Նրանց գալուց հետո ադրբեջանցիների դատարկված գյուղը՝ Վերին Քյորփլուն, Չարդախլու է կոչվել, իսկ տարիներ անց վերանվանվել Զորական։ Նոր անունը, սակայն, փաստաթղթերում ու ճամփեզրի ցուցանակին է մնացել։ Գյուղում եւ գյուղից դուրս շատերը Չարդախլու գիտեն։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։