Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 21-ին հայտարարեց Պաղեստինը ճանաչելու մասին։ Նույն օրը Երեւանի նման քայլը տարածած հայտարարագրերով ողջունեցին տարածաշրջանի գրեթե բոլոր արաբական երկրները։
ՀՀ ԱԳՆ-ն հայտրարության տեքստում նշում էր, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգավորման օգտին եւ պաշտպանել է «երկու պետություն» սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը։
Ճանաչումը առաջինը ողջունեց Պաղեստինի ազգային վարչակազմը։ Մամուլի հայտարարության մեջ, որը մեջբերում էր WAFA լրատվականը, Պաղեստինի ղեկավարությունը Հայաստանին խորը երախտագիտություն էր հայտնում «խիզախ եւ նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։
«Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է երկու պետությունների լուծման սկզբունքներին, որը ռազմավարական ընտրություն է եւ պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը: Այս ճանաչումը դրականորեն է նպաստում երկու պետությունների լուծմանը, որը բախվում է համակարգված մարտահրավերների, եւ նպաստում է անվտանգությանը, խաղաղությանը եւ կայունությանը բոլոր ներգրավված կողմերի համար»,-ասվում էր Պաղեստինի ղեկավարության հայտարարության մեջ։
Սրան հետեւեց Սաուդյան Արաբիայի Թագավորության արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Հայաստանի նման որոշումը «կարեւոր քայլ է 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծմանը աջակցելու ճանապարհին»։
Հաջորդը համանման հայտարարությամբ հանդես եկավ Եգիպտոսի արտգործնախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ Պաղեստին Պետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, որպես իսրայելական օկուպացիային վերջ դնելու եւ 1967 թվականի սահմաններով ու Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ստեղծելու պաղեստինցի ժողովրդի օրինական քայլերին ուղղված աջակցություն»։
Իրաքի, Օմանի Սուլթանության, Քուվեյթի եւ Բահրեյնի ԱԳՆ հայտարարագրերում էլ Հայաստանի որոշումը բնութագրվում էր որպես «դրական» եւ «կարեւոր» քայլ։
Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից էլ «Պաղեստինի ճանաչման քայլը որպես միջազգային իրավունքի նորմերին եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ» ողջունել էր փոխվարչապետ, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադը՝ հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Նշյալ բոլոր երկրներն էլ տարածած հայտարարագրերում աշխարհի մյուս պետություններին եւ հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին հորդորներ էին ուղղել նույնպես ճանաչել Պաղեստինը եւ դրանով իսկ աջակցել տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանը։
Շուտով ողջույններին միացավ նաեւ Արաբական պետությունների լիգան, որը Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը անվանել էր պաղեստինցի ժողովրդի անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ։
Կառույցը նույնպես կոչ էր արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։
Հայաստանի որոշումը ողջունել էր նաեւ Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր տնօրեն Հուսեյին ալ-Շեյխը X-ի էջում կատարած գրառմամբ։ «Սա իրավունքի, արդարության, օրինականության եւ մեր Պաղեստինի ժողովրդի պայքարի հաղթանակն է հանուն ազատագրման եւ անկախության։ Շնորհակալություն մեր բարեկամ Հայաստան»,-ասվում էր Հուսեյին ալ-Շեյխի գրառման մեջ։
Ողջույնի հայտարարագրով հանդես եկավ նաեւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումն անվանելով «լրացուցիչ եւ կարեւոր քայլ» պաղեստինցի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ «նրա հողի նացիստական-սիոնիստական օկուպացմանը վերջ տալու եւ Երուսաղեմ մայրաքաղաքով իրենց անկախ, լիովին ինքնիշխան պետության ստեղծման ձգտումների ճանապարհին»։
Սպասելի էր, որ Երեւանի նման քայլի շուրջ բողոքելու էր Իսրայելը։ Հրեական պետության արտգործնախարարությունը Հայաստանի արտգործնախարարության հայտարարության տարածումից ժամեր անց հայտարարեց Հայաստանի դեսպանին գերատեսչություն կանչելու եւ խիստ բողոք հայտնելու մասին։
Ավելի ուշ առավել կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների ու մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետեւանքներ կունենա Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների համար», — տելեգրամում գրել էր խորհրդականը՝ չհստակեցնելով, թե ինչ քայլեր կարող է ձեռնակել նման դեպքում Իսրայելը: