ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիմած կուսակցությունների ու դաշինքների հայտերը, հայտնաբերվել անճշտություններ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության ցանկում անկուսակցականների քանակը չպետք է գերազանցի ցանկում ընդգրկվածների 30 տոկոսը:
Նման ուժերից են Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) եւ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունները, որոնք ամենայն հավանականությամբ չեն կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ազատություն» կուսակցության ներկայացրած ցուցակի 85 անուններից միայն 10-ն է տվյալ կուսակցության անդամ, 75-ն անկուսակցական է։ Իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի 92 թեկնածուից 48-ը անկուսակցական է, իսկ 12-ի դեպքում ոչինչ նշված չէ:
ԿԸՀ-ն ցուցակները շտկելու համար 48 ժամ ժամանակ է տվել «Ազատություն» եւ Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) կուսակցություներին: Եթե երկու օրվա ընթացքում ցուցակները չճշտվեն, կուսակցությունները չեն կարողանա մասնակցել ընտրություններին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նվազ անճշտություններով փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «ՔՊ», «Պատիվ ունեմ», ինչպես նաեւ 10 այլ կուսակցություններ ու դաշինքներ:
Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 22 կուսակցություն եւ 4 դաշինք: