Հայանտանի Հանրապետության յոթ նախարարության, հինգ տեսչական մարմնի, երկու կոմիտեի, ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության, քաղավիացիայի, կապի եւ տրանսպորտի, Կարմիր խաչի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները Գյումրիում էին:
«Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով աննախադեպ ծավալով շտաբային ուսումնավարժություն էր տեղի ունենում:
Ըստ ծրագրի՝ այսօր Գյումրիում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, կային զոհեր, վիրավորներ, վնասվել էին օդանավակայանը, երկաթուղին, կամուրջներ եւ այլ մեծ ենթակառուցվածքներ:
Թե ինչ կանեն այս դեպքում պատասխանատու մարմինները, պարզ դարձավ ուսումնավարժության ընթացքում: Յուրաքանչյուր խումբը ստանալով հանձնարարականներ, փորձեց համագործակցության միջոցով լավագույն լուծում գտնել:
Նախաձեռնությունը հնարավորություն էր ստուգելու եւ կատարելագործելու արտակարգ իրավիճակների դեպքում մարզպետի աշխատակազմի, պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, արձագանքող ստորաբաժանումների, միջազգային կազմակերպությունների եւ շահագրգիռ այլ կողմերի միջեւ համագործակցությունը:
Մասնակիցները փաստեցին, որ վարժանքի արդյունքում տեղեկատվության փոխանակմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ նոր հմտություններ ձեռք բերեցին:
Հայաստանն իր տեղադիրքի պատճառով մշտապես ուժեղ երկրաշարժի վտանգի տակ է: ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ թեեւ բնական աղետին դիմակայելու հնարավորություններն աճել են, բայց խոշոր աղետի դեպքում կրկին փաստի առաջ կանգնելու վտանգը կա:
Ըստ ուսումնավարժանքի կազմակերպիչների՝ որպեսզի մեր երկիրը կարողանա առավել արդյունավետ պատրաստվել աղետների դիմակայման մեթոդներին, միջազգային հանրության գործուն աջակցության կարիք կար: ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությանը համագործակցության եւ աջակցության ձեռք են մեկնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարեւորել, որ հանրապետական նշանակության միջացառման վայր հե՛նց Գյումրին է ընտրվել: «Թեման մեզանից շատերին տանում է տասնամյակներ հետ եւ հիշում ենք մեր գլխով անցած ծանր աղետը»։ Նա երախտիքի խոսք է ասել աջակից միջազգային կառույցներին եւ համոզմունք հայտնել, որ պաշտպանվածությունը պետք է դառնա մշակույթ, հմտություն, կարողություն. «Միայն այն դեպքում է նվազում ռիսկը, երբ պատկան մարմիններն ու քաղաքացիները իմացածը կիրառեն հավուր պատշաճի»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։