Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ ձերբակալության որոշում է կայացրել։
Գերասիմովն ու Շոյգուն կասկածվում են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ։
Ձերբակալության վճռի համար հիմք են հանդիսացել Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների դեմ ռուսական բանակի իրականացրած հարձակումները։ Մեղադրական եզրակացության մեջ նշված հանցագործությունները կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի մարտի 9-ը։
«Այս ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը տարբեր շրջաններում մեծ թվով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի մեծաքանակ էլեկտրակայանների եւ ենթակայանների վրա»,-ասվում է դատարանի հրապարակած հաղորդագրության տեքստում։
ՄՔԴ-ի նախաքննական պալատը պատճառներ է գտել ենթադրելու, որ հարվածներն ուղղված են եղել քաղաքացիական թիրախների դեմ, իսկ ռազմական թիրախների դեպքում քաղաքացիական անձանց հասցված կողմնակի վնասը «ակնհայտորեն չափազանց մեծ է»՝ համեմատած ակնկալվող ռազմական ազդեցության հետ:
Պալատը միշտ կքննի այս գործողությունների ունեցած ազդեցությունը խաղաղ բնակիչների անվտանգության վրա, ներառյալ բնակչության առավել խոցելի հատվածների, ինչպիսիք են տարեցները, կանայք եւ երեխաները, ասվում է հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով, որ հիմնական փաստացի պնդումները պատշաճ կերպով հիմնավորվել են ապացույցներով եւ այլ համապատասխան նյութերով, որոնք ներկայացված են մեղադրող կողմի վարույթի այս փուլում, Պալատը գտավ, որ պահանջվող կալանքի վճիռներ տրամադրելու համար օրենքով սահմանված պահանջները բավարարվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վկաներին պաշտպանելու եւ հետաքննության անվտանգությունն ապահովելու համար օրդերների բովանդակությունը գաղտնի է հայտարարվում։