Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կսահմանափակի Ռուսաստանում գործող Եվրամիության 81 լրատվամիջոցների հեռարձակումը եւ դրանց կայքեր մուտքի հնարավորությունը։ Սա կատարվելու է ի պատասխան ԵՄ-ում երեք ռուսական լրատվամիջոցների արգելափակման։
Այդ մասին հունիսի 25-ի կեսօրին ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանափակումները վերաբերում են «ԵՄ անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների եւ ամբողջ ԵՄ օպերատորների հեռարձակման ռեսուրսներին, որոնք համակարգված կերպով կեղծ տեղեկատվություն են տարածում հատուկ ռազմական գործողության առաջընթացի մասին»:
ԱԳՆ-ի ներկայացրած ցանկում բացառությամբ Լյուքսեմբուրգի եւ Խորվաթիայի նշվում են ԵՄ բոլոր երկրների պարբերականները, հեռուստաալիքները եւ ռադիոկայանները։
81 տեղեկատվական հարթակներից 9-ը Ֆրանսիայում գործողներն են, այդ թվում՝ Agence France-Presse լրատվական գործակալությունը, Le Monde եւ Liberation թերթերը։
Ցուցակում նշված են նաեւ գերմանական Der Spiegel, Die Zeit եւ Frankfurter Allgemeine Zeitung պարբերականները, իսպանական El Mundo, El Pais, EFE գործակալությունները եւ իտալական La Stampa եւ La Repubblica թերթերը։ Ներառված են նաեւ Delfi պարբերականի էստոնական բաժինը, Politico-ի ամերկյան եւ եվրոպական ճյուղերը եւ Լեհաստանի Belsat հեռուստաընկերությունը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը նախազգուշացրել է, որ կպատասխանի «տեղական լրագրողների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով ոտնձգություններին եւ ԵՄ տարածքում ռուսական լրատվամիջոցների անհիմն արգելքներին»։ Գերատեսչությունում նաեւ նշել են, որ ռուսական կողմը պատրաստ կլինի վերանայել իր որոշումը, եթե Եվրամիությունում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները չեղարկվեն։