WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ամերիկյան դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ռազմական գաղտնիքներ հրապարակելու մեջ, որից հետո, ԱՄՆ իշխանությունների հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ազատ է արձակվել։
Լսումները տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի Սայպան կղզում գտնվող Հյուսիսային Մարիանյան կղզիների դաշնային շրջանային դատարանում (ԱՄՆ տարածք), ուր Ասանժը նախօրեին ժամանել էր Լոնդոնից։
Ազգային պաշտպանության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության ձեռքբերման եւ բացահայտման դավադրության մեջ Ասանժին մեղավոր ճանաչելուց հետո, Դատավոր Ռամոնա Մանգլոնան հայտարարեց, որ «արդար եւ ողջամիտ» կլինի որպեսզի նրա պատժի մեջ հաշվարկվի նաեւ այն 62 ամիսը, որը նա արդեն անցկացրել էր Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում՝ ԱՄՆ արտահանձնման պահանջը վիճարկելու ժամանակ:
Ավելի լուրջ մեղադրանքները, որոնք Ասանժին սպառնում էին երկարաժամկետ ազատազրկմամբ, հանվեցին։
Այսպիսով Ասանժի դեմ գործը կարճվել է, իսկ ամերիկյան իշխանությունները հետ են վերցրել արտահանձնման դիմումը։
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել երկուշաբթի օրը Բելմարշ բանտից, որտեղից մասնավոր ինքնաթիռով ուղեւորվել էր նախ Բանգկոկ, ապա այնտեղից Հյուսիսային Մարիանյան կղզիներ։
ԱՄՆ դատախազները Սայպանում դատավորին խնդրել էին նիստ անցկացնել եւ դատավճիռ կայացնել Ասանժի մեղքն ընդունելուց անմիջապես հետո:
Ասանժը մամուլի համար հայտարարություններ չի արել եւ հանդիպումից հետո ուղեւորվել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերա։