Հայաստանն ընդլայնում է իր հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ, այլեւ աշխարհի տարբեր երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում։
«Մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները Արեւմուտքի հետ։ Մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց մենք նաեւ ընդլայնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Մենք ընդլայնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Մերձավոր Արեւելքի բազմաթիվ այլ երկրների հետ: Այնպես որ, մեզ համար առանցքային է համագործակցությունը տարբեր գործընկերների հետ»,- Գրիգորյանի խոսքերը մեջբերում է «Արմենպրեսը»։
Որպես այս ամենի նպատակ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է ավելի կայուն տարածաշրջան, ավելի ուժեղ ու բարգավաճ Հայաստան ունենալը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը։
«Սրանք են մեր արտաքին քաղաքականության եւ անվտանգության դիվերսիֆիկացման նպատակները։ Եվ ես կասեի՝ մենք շրջադարձ ենք անում դեպի աշխարհ»,-ասել է ԱԽ քարտուղարը։