Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի ճակատային Պոկրովսկ քաղաք, որի ուղղությամբ ռուսական բանակը փորձում է զարգացնել հարձակումը։
Ինչպես անձամբ է Զելենսկին հայտնել սոցցանցերում, չորեքշաբթի օրը Դոնեցկի մարզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու եւ միացյալ ուժերի նոր հրամանատար, գեներալ Անդրեյ Գնատովի հետ, ում ներկայացրել է Դոնբասում ներկայումս պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ազատել է գեներալ Յուրի Սոդոլին միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնից՝ նրա հասցեին, մասնավորապես, «Ազով» ազգային գվարդիայի բրիգադի շտաբի պետ Բոհդան Կրոտեւիչի հնչեցրած քննադատությունից հետո։
Զելենսկին նաեւ ասել է, որ հանդիպում է անցկացրել Դոնեցկի շրջանի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչների անվտանգության եւ կենսաապահովման հարցերի շուրջ։
Պատերազմի ընթացքում Զելենսկին բազմիցս մեկնել է առաջնագծին մոտ գտնվող տարածքներ, մասնավորապես, նա մեկից ավելի անգամ այցելել է Խերսոն, Խարկով եւ Խարկովի մարզի այլ բնակավայրեր, ինչպես նաեւ այցելել է Բախմուտ եւ Ավդիիվկա, որոնք հետագայում գրավվել են ռուսական զորքերի կողմից:
Պոկրովսկը (սովետական անվանումը՝ Կրասնոարմեյսկ) կարեւոր տրանսպորտային հանգույց է Դոնեցկի մարզի արեւմուտքում։ Ուկրաինացի զինվորականները բազմիցս նշել են, որ ռազմաճակատում ամենածանր մարտերն ընթանում են Պոկրովսկի ուղղությամբ։
Ռուսական զորքերը վերջին ամիսներին Ավդեեւկայի արեւմուտքից սկսել են առաջ շարժվել դեպի Պոկրովսկ, եւ դատելով բաց աղբյուրներից, նրանց հաջողվել է մոտ 5-10 կիլոմետր առաջխաղացում ապահովել այս ուղղությամբ։ Բուն քաղաքին սակայն մոտենալ նրանց չի հաջողվել։