Հունգարիան շարունակում է դեմ լինել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերընտրմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ժամանելով Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որտեղ ակնկալվում է որոշումներ ընդունել ԵՄ-ում առանցքային պաշտոններում նշանակումների վերաբերյալ։
Օրբանը բացատրել է, որ չի կարող աջակցել ֆոն դեր Լեյենի վերընտրմանը, «քանի որ նա օգտագործում է օրենքի գերակայության հարցը Հունգարիայի դեմ քաղաքական նպատակներով»։
«Մենք որեւէ պատճառ չունենք աջակցելու իշխանության այս չարաշահմանը, մենք չենք կարող աջակցել դրան», — հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Օրբանը:
Նա նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանում կենտրոնամետների եւ լիբերալների կոալիցիան, որն աջակցում է ֆոն դեր Լեյենի, ինչպես նաեւ ԵՄ-ում ղեկավար պաշտոնների այլ նոր թեկնածուների վերանշանակմանը, գործում է աջակողմյան կուսակցությունների օգտին վերջին ընտրություններում քվեարկած ընտրողների կամքին հակառակ։ Օրբանի խոսքով՝ Եվրախորհրդարանում տեղերի մեծ մասը գրավել է «ստի եւ նենգության կուսակցական կոալիցիան», որի նպատակն է միայն պահպանել իշխանությունը, այլ ոչ թե զարգացնել ԵՄ-ն։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025-2029 թվականների համար ԵՄ առանցքային պաշտոններում թեկնածուների ընտրության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների միջեւ։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կվերանշանակվի Ֆոն դեր Լայենը, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնում Ջոզեպ Բորելին կփոխարինի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, իսկ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում Շարլ Միշելին կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան։