Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատել են առաջիկա հինգ տարիների համար դաշինքի ղեկավարության թեկնածուներին։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կշարունակի մնալ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կզբաղեցնի Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Շարլ Միշելին։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասն էլ կստանձնի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնը՝ փոխարինելով Ջոզեպ Բորելին։
Կալլասը նշել է, որ իր նշանակումը «մեծ պատասխանատվություն է աշխարհաքաղաքական լարվածության ժամանակաշրջանում»:
«Պատերազմը Եվրոպայում, նրա հարեւանությամբ եւ ամբողջ աշխարհում աճող անկայունությունը եվրոպական արտաքին քամաքականության հիմնական մարտահրավերներն են»,-գրել է Կալլասը X-ի իր էջում:
ԵՄ ղեկավարների թեկնածությունները հաստատելու համար անհրաժեշտ էր, այսպես կոչված, ուժեղացված մեծամասնության աջակցությունը. ԵՄ 27 անդամ երկրներից առնվազն 20-ը, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության առնվազն 65%-ը, պետք է կողմ քվեարկեն առաջարկին։
Այժմ ԵՄ ապագա առաջնորդների թեկնածուներին պետք է հաստատի նոր գումարման Եվրախորհրդարանը, որի առաջին նստաշրջանը տեղի կունենա Ստրասբուրգում հուլիսի 16-ից 19-ը։