Տալլինում այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին՝ հունիսի 27-ին Էստոնիայի պաշտպանության եւ անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS) մասնակցել է կլոր-սեղան քննարկման։
Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդման համաձայն Միրզոյանը ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարը ներկաներին մանրամսնորեն ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, վերջին շրջանի զարգացումներն ու միտումները: Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու երկարատեւ խաղաղության հաստատման հարցում Երեւանի տեսլականը եւ դրա կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու շարունակական մարտահրավերները:
Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, մինչեւ օրս ծավալված երկխոսության միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց իրականացման կարեւորությանը:
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով նախարար Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը շարունակելու կարեւորությունը:
Քննարկման մասնակիցների հետ մտքեր են փոխանակվել ԵՄ ու անդամ երկրների հետ ՀՀ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Որպես կարեւոր բաղադրիչներ ընդգծվել են ՀՀ դիմակայունությանն ուղղված համատեղ ջանքերը, ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։
Ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ փոխգործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հնարավորություններին, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք տնտեսական ու տրանսպորտային կապուղիների զարգացմանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի կյանքի կոչմանը։
«Մեր միջազգային գործընկերներից մենք ստացել ենք դրական արձագանք այս նախաձեռնության վերաբերյալ, այն վկայում է նաեւ խաղաղության օրակարգին, տարածաշրջանում կայուն զարգացման ապահովմանը ՀՀ հանձնառության մասին»,-ասել է արտգործնախարար Միրզոյանը։