Ըստ «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի դատախազությունը ցանկանում է ձերբակալել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը հայտնի է իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշմամբ եւ համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը: Իրավապահները պահանջում են չորս տարով ազատազրկել քաղաքապետին` Ընտրական հանձնաժողովին վիրավորելու համար:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչը 2019-ին հաղթել էր Էրդողանի կուսակից Բինալի Յըլդրըմին Թուրքիայի ամենամեծ քաղաքի` Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Իշխող ուժը քվեարկության արդյունքները չէր ընդունել, ընտրական հանձնաժողովն էլ չեղարկել եւ նոր ընտրություն էր նշանակել:
«Այդ որոշումն ընդունող պաշտոնյաները հիմար են եւ ստվերում են Թուրքիայի միջազգային հեղինակությունը»,- հայտարարել էր Իմամօղլուն։
Սոցիոլոգիական վերջին հարցումներով` Իմամօղլուի վարկանիշը ավելի բարձր է, քան նախագահ Էրդողանինը, ինչը եւ, ըստ անկախ փորձագետների, նրա դեմ քրեական հետապնդման հիմնական պատճառն է 2023-ի նախագահական ընտրություններից առաջ: