Միջազգային քրեական դատարանը հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման գործընթացը, գրում է The Jerusalem Post-ը։
Հետաձգումը պայմանավորված է նրանով, որ Մեծ Բրիտանիան, որպես «դատարանի բարեկամ», հունիսի 10-ին դիմում է ներկայացրել Իսրայելի նկատմամբ ՄՔԴ իրավասության վերաբերյալ մեկնաբանությունների համար։ ՄՔԴ-ն բավարարել է Մեծ Բրիտանիայի խնդրանքը, ինչպես նաեւ այլ երկրներին իրավունք վերապահել նախապես դիտարկումներ ներկայացնել՝ նշելով, որ դա «չպետք է ընկալվի որպես բաց կոչ»: Այնուամենայնիվ, երեք դատավորներից կազմված կոլեգիան նաեւ որոշել է, որ Մեծ Բրիտանիային նման իրավունքներ տրամադրելու որոշումը «կարող է հանգեցնել այլ հարցումների»:
Միացյալ Թագավորության հարցումը, ինչպես նաեւ ցանկացած այլ նմանատիպ հարցում պետք է ներկայացվի մինչեւ հուլիսի 12-ը: Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, ձերբակալության օրդեր տրամադրելու ողջ գործընթացը կարող է «հեշտությամբ» ձգձգվել եւ տեւել ամիսներ։
Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված դիմումները կքննարկեն դատարանի նախաքննական պալատի անդամները: Բացի այդ, դատարանը նաեւ հայտարարել է, որ դիտարկումները եւ դրանց վերաբերյալ բանավեճը կարող են հրապարակվել, թեեւ կալանքի օրդեր տալու ընթացակարգերը սովորաբար գաղտնի են պահվում։
Անհայտ է, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդերները, որոնք ՄՔԴ-ի դատախազը պահանջել էր Նեթանյահուի եւ Գալանտի օրդերների հետ միասին, նույնպես կհետաձգվի:
Մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարեց, որ պահանջել է կալանավորել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամմադ Դեյֆիին եւ Իսմայիլ Հանիեին: Դատարանն էլ հայտարարեց, որ Նեթանյահուն եւ Գալանտը մեղադրվում են Գազայի հատվածում կատարված ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄՔԴ դատախազի խնդրանքը անվանել էր «սկանդալային» եւ հայտարարել, որ դա «չի կանգնեցնի» ո՛չ իրեն, ո՛չ էլ Իսրայելին։