Շրի Լանկայի պատվիրակությունը Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի եւ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը բարձրացրել է ռուսական բանակում պայմանագրային ծառայության անցած եւ զոհված կամ վիրավորված իր քաղաքացիների համար փոխհատուցում վճարելու հարցը։ Այս մասին հայտնում է Մոսկվայում Շրի Լանկայի դեսպանատունը։
Կոտտեից ժամանած պատվիրակությունը, որը գլխավորել է երկրի արտգործնախարար Թարակա Բալասուրիան, ռուսական կողմի հետ հանդիպումը անցկացրել է հունիսի 26-27-ին։
Շրի Լանկայի դեսպանատան տվյալներով՝ խոսքը երկրի 17 զոհված քաղաքացիների, անհետ կորածների, ինչպես նաեւ պայմանագրերի վաղաժամկետ խզման եւ բանակից կամավոր վերադարձի հնարավորության մասին է։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են քննարկվող հարցերի շուրջ շարունակել բանակցությունները։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հունիսի 26-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկվել են «Ռուսաստանի եւ Շրի Լանկայի հարաբերությունների օրակարգի ամենահրատապ հարցերը», ինչպես նաեւ հաստատվել է «երկկողմ երկխոսության դինամիկան պահպանելու փոխադարձ շահագրգռվածությունը», այդ թվում՝ «քաղաքական, առեւտրային եւ տնտեսական ոլորտներում»։
2024 թվականի մայիսին Շրի Լանկայի կառավարությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի պատերազմի համար երկրի քաղաքացիների հավաքագրման վերաբերյալ։