ԱՄՆ-ն տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հնարավորություն: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։
Դիվանագետի խոսքով, Ադչբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, համագործակցությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել վերջին տարիների տիրող իրավիճակին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հնարավորություն։ Նրա խոսքով նման գործընթացը օգուտներ կարող է բերել ողջ տարածաշրջանին։
Օ՛Բրայենը կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը «կբարելավի ե՛ւ հարեւանների հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, ե՛ւ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից եւ այնտեղից Վրաստանի եւ Հայաստանի տարածքով համաշխարհային շուկաներ բեռների փոխադրման համար»։
Դիվանագետի խոսքով սա օգուտ կբերի յուրաքանչյուր երկրի եւ մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի համար։
«Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարեւորությունը, եւ երկու կողմերն էլ հաստատում են, որ բավականին շահագրգռված են դա իրականացնելու ուղղությամբ»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։