ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում նրանց այս տարի արդեն երրորդ անգամ Սլովենիայում հյուրընկալելու համար։
Կողմերն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությունը։
Մերձավոր Արեւելքում իրավիճակի համատեքստում նախարարներն անդրադարձել են վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովենիայի եւ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ «երկու պետություն» սկզբունքին համահունչ։