Եվրոպայում ԱՄՆ-ի մի քանի ռազմակայաններ բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Դրանց անվտանգության մակարդակը հինգից բարձրացվել է երկրորդ աստիճանի՝ ահաբեկչական հարձակումների բարձր հավանականության պատճառով, հաղորդում են CNN-ը եւ ABC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյաներից ստացված տեղեկատվությանը:
Նշվում է, որ ռազմակայանների անվտանգության մակարդակը բարձրացվել է մինչեւ «Չարլի» (Charlie) աստիճանի, որը ըստ լրատվականների կիրառվում է այն ժամանակ, երբ «տեղի է ունենում միջադեպ» կամ հետախուզական տեղեկատվություններ է ստացվում անձնակազմի կամ օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման հավանականության մասին: Սրանից ավելի բարձր մակարդակը «Դելտան» է (Delta):
Պաշտպանության մակարդակի բարձրացումը մասնավորապես վերաբերվում է Շտուտգարտում գտնվող բազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ եվրոպական հրամանատարության շտաբը, գրում է CNN-ը։
Ըստ Stars & Stripes բանակային պորտալի՝ Գերմանիայում ԱՄՆ մյուս բազաները նույնպես ստացել են պաշտպանության մակարդակը բարձրացնելու հրահանգներ, այդ թվում՝ Ռեյնլանդ-Պֆալց եւ Ռամշտայն ավիաբազաները՝ Ռումինիայում եւ Բուլղարիայում գտնվող ենթակա օբյեկտներով: Պաշտպանության մակարդակը բարձրացվել է նաեւ Իտալիայի «Ավիանո» ավիաբազայում։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության խոսնակ Դեն Դեյն նշել է, որ ղեկավարությունը «շարունակաբար գնահատում է արտերկրում ամերիկյան ռազմական համայնքի անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործոններ։ Այս ջանքերի շրջանակում հրամանատարությունը «լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում զինվորական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»: