ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին հակակշիռ դառնալու նպատակ չունի, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները դիտարկվում եւ վերլուծվում են։ Այս մասին բելառուսական պետական БЕЛТА գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը հակակշիռ է ՆԱՏՕ-ին։
«Սկզբունքորեն ե՛ւ կազմակերպությունը, ե՛ւ նրա անդամները հանդես են գալիս բլոկային մտածողությունից հրաժարվելու օգտին, ինչը նվազեցնում է համագործակցության հնարավորությունները եւ, հաճախ, էականորեն սահմանափակում նման միավորումների մասնակիցների ազգային ինքնիշխանությունը։ Միեւնույն ժամանակ, իհարկե, ՆԱՏՕ-ի գործողությունները դիտարկվում եւ վերլուծվում են։ Փորձագետների եւ անդամ երկրների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակի վրա»,-նշել է Տասմագամբետովը։
Նա նաեւ նշել է, որ միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ն հնարավորություն ունի արագորեն ընդունելու եւ իրականացնելու բոլոր անհրաժեշտ որոշումները՝ հաշվի առնելով անդամ բոլոր երկրների շահերը։