Եթե շիայական ռազմական ու քաղաքական կառույց «Հեզբոլլահը» չդադարեցնի Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ հրթիռների արձակումը, ապա հուլիս ամսվա երրորդ կամ չորրորդ շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում կսկսի Լիբանանի հարավում։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ հղում կատարելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններին։
Իրանի աջակցությունը վայելող Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ու Իսրայելի միջեւ լարվածությունը աճել էր Գազայում Իսրայելի բանակի հարձակողական գործողությունների մեկնարկից հետո, որոնք իրականցվել են ի պատասխան 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումների։ Որպես ռազմական բախումների դադարեցման պայման «Հեզբոլլահը» պահանջում է Գազայում կրակի դադարեցում եւ իսրայելական բանակի ամբողջական դուրս բերում։
Հունիսի 28-ին հրապարակվել էր երկրների թարմացված ցուցակը, որոնք կոչ էին արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Լիբանան մեկնելուց (կամ լքել այս երկիրը) Իսրայելի եւ «Հեզբոլլահը» միջեւ պատերազմի բարձր հավանականության պատճառով։ Դրանք են՝ Ռուսաստանը, Գերմանիան, Կանադան, Քուվեյթը, Նիդեռլանդները, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Մակեդոնիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Հորդանանը եւ Ավստրալիան։
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն էլ հուլիսի 1-ին հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարում դեպի Բեյրութ բոլոր գիշերային չվերթները՝ կրկին պատերազմի հավանականության պատճառով։ Միեւնույն ժամանակ ավիաընկերությունը շարունակում է պահպանել ցերակային չվերթների չվացուցակը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ով վերջերս ԱՄՆ-ում հանդիպումներ էր ունեցել Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ եւ դրանցում քննարկել Գազայի եւ Լիբանանի հետ պատերազմները, հունիսի 28-ի գիշերը ռազմաքաղաքական կաբինետի նիստում խոստովանել է, որ ամերիկացիների հետ խոսել է «Հեզբոլլահի» հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման մասին՝ լայնածավալ պատերազմից խուսափելու համար։
Նրա խոսքով, նա ամերիկացիներին բացատրել է, որ Իսրայելը շահագրգռված չէ պատերազմով եւ կնախընտրեր խաղաղ կարգավորումը, եթե այն համապատասխաներ անվտանգության պահանջներին։