Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի ժայռակերտ առյուծի քանդակը եթե ոչ տեղում, լուսանկարներով տեսած կլինեք: Հեղինակն ու քանդակագործը արցախցի Արամ Ավագյանն է:
2023 թվականից Արամն էլ, հազարավոր հայրենակիցների պես, տարիների վաստակն ու ամենաթանկ հիշողությունները թողել է հարազատ Արցախում, բնակություն հաստատել Գյումրիում:
Թե ինչ է թողել հետեւում, Արամի պատասխանը ուղիղ երկու ժամ է ձգվում:
Նախասիրությունները եւ մասնագիտությունները թվարկելիս ասում է՝ Աստված տվել, չի խնայել. ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ, հնէաբան, բուսաբույժ, հիպոթերապեւտ, հիպնոթերապեւտ…
Երբ Վանք գյուղի հսկա ժայռն Արամի ձեռքով «առյուծ է դարձել», հրավերներ է ստացել այլ երկրներից, որ իրենց ժայռերին էլ կերպարանք տա: Ինգուշեթիայում, օրինակ, 25 մետր բարձրությամբ ժայռաբեկորին իմամների կեպարանք է տվել:
Գալով այլ նախասիրություններին, Արամը պատմում է, որ հայրենի գյուղում ազնվական ձիերի ցեղեր է բուծել, հսկայական երամակ ունեցել: Ձիրերի հետ երկարատեւ շփումից հայտնաբերել է ձիաբուժության բազում օգտակար կողմեր՝ թե ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական: «Սկսեցի զբաղվել հիպոթերապիայով (ձիաբուժությաուն): Շատ մարդկանց եմ բուժել դեպրեսիայից, սիրտանոթային, հենաշարժողական եւ այլ հիվանդություններից»:
Մաշկային խնդիրներից, մազաթափությունից զերծ մնալու եւ գեղեցկությունը պահպանելու համար էլ բույսերի յուղերով եւ սեփական ֆերմայի ավանակների կաթով օճառի արտադրություն է սկսել:
Արամի ավանակների կաթի համբավը, բուժիչ օճառի տեսքով, կարճ ժամանակում Արցախից դուրս է եկել, հասել Հայաստան եւ արտերկիր:
Խաչքարերի եւ աղբյուրների ուսումնասիրության համար նույնպես ժամանակ է գտել, դարերի պատմությունը հողի տակից հանել, թվագրել, բայց կրկին թշնամուն է թողել:
Մեծ նախագիծ է ունեցել Լեռնային Ղարաբաղում տուրիստական կենտրոն ստեղծելու եւ իր բազմակողմանի գիտելիքները մեկտեղելու համար: Սեփական տունն ու կենտրոնը գծագրել էր թղթի վրա, որն իր ձեռքով էր կառուցելու: Ցույց է տալիս էսքիզը եւ ասում՝ չի կոտրվում, այնտեղ չկարողացավ, Գյումրիում կանի:
Հիշում է Գյումրիի առաջին օրերը: «Հրապարակում շրջելիս ձիեր տեսա, մոտ վազեցի, որ էներգիա ստանամ, սթրեսս պակասեցնեմ: Ձիերի տիրոջ հետ խոսեցի, պարզվեց՝ «Կտոր մը երկինք» ֆիլմի ֆայտոնչի ուստա Գրիշի ծոռն է»: Արամն իմացել է, որ ուստա Գրիշի ծոռը ձիեր է բուծում, մեծ պապի գործը շարունակում. Գյումրիում ֆայտոնչի է: Տեսնելով Արամի անհագ հետաքրքրությունը՝ անծանոթ ֆայտոնչին երկու ձի է նվիրում նրան, որ Արցախից բերած միակ հուշը՝ ֆայտոնն անձի չմնա:
Այժմ, Արամն արդեն որպես շինարար, նոր ծանոթի համար տուրիստական կենտրոն է կառուցում, հավատացնում է, որ աննկարագրելի գեղեցիկ վայր է լինելու: «Արհեստական ժայռեր, ծառերի բներ եմ քանդակում: Որ պատրաստ լինի, համեցեք, կտեսնեք, որ իրական վայրի բնությունից չի տարբերվելու»,- վստահեցնում է շինարար-քանդակագործը: Ինքն իր գործը կանի, ձիերն էլ մարդկանց կբուժեն նոր կենտրոնում:
Մարզային իշխանություններին բազմիցս է դիմել, առաջարկել իր հմտությունները ներդնել քաղաքի զարգացման համար: Գյումրի համայնքի ղեկավարը խոստացել է «Տիգրան Մեծի» արձանը պատվիրել: Արամն էսքիզներն արել, սպասում է, դեռ կանչող չկա: Առաջարկում է նաեւ քաղաքին մոտ հատվածում հող հատկացնեն, թեկուզ գումարով. Կաշխատի, մաս-մաս կվճարի: Նպատակադրվել է իր ձեռքով գծած էսքիզը թղթի վրա չթողնել, Գյումրունն ու գյումրեցիներինը դարձնել:
Սպասում է բաղձալի զանգին, հույս ունի, որ երկար չի սպասի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։