Վրաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին եւ պատրաստ է խթանել կառուցողական երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ Մենք պատրաստ ենք խթանել կառուցողական երկխոսությանը եւ տարածաշրջանում ապահովել կայունություն ու խաղաղություն մեր հարեւանների կարիքների եւ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք ողջունում ենք խաղաղ ճանապարհով ընդունված պատմական որոշումը՝ սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան»,-նշել Դարչիաշվիլին։
ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ նախարարների բանակցությունների օրակարգում են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները: