Աստանայում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ստորագրվել է երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր։
Դրանում նշվում է, որ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, չհարձակման, ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխշահավետության եւ խաղաղ գոյակցության նկատմամբ։
Ըստ հռչակագրի Ադրբեջանը «վճռականորեն պաշտպանում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»։
Փաստաթղթում Բաքուն հաստատում է, որ դեմ է «Թայվանի անկախության ցանկացած ձեւի եւ աջակցում է միջնեղուցային հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ Չինաստանի վերամիավորման համար Չինաստանի կառավարության ջանքերին»:
Չինաստանը կողմը հռչակագրով իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի կառուցմանը եւ սերտորեն աշխատել Ադրբեջանի եւ երթուղու այլ երկրների հետ՝ Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների անխափան աշխատանքը եւ արագ զարգացումը խթանելու համար։
Պեկինն ու Բաքուն նաեւ պայմանավորվում են աջակցել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային համակարգին, հավատարիմ մնալ միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին եւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին: