Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։
Հայաստանի եւ Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թեւակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։
Մեր պետությունների շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները խարսխված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման հիմնասյուների վրա։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի առկա քաղաքական օրակարգի առավել ընդլայնմամբ եւ համագործակցության ուղղությունների զարգացմամբ։
Վերստին շնորհավորելով Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ»։