Հայաստանն ընթացիկ տարում Եվրամիության Խաղաղության հիմնադրամից առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա, քանի որ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։ Այս մասին հայտնում է «Ազատությունը» ՝ հղում կատարելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններին։
«Միության անդամ բոլոր երկրներն այլեւս պատրաստ են կանաչ լույս վառել, եւ ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»,-նշել են աղբյուրները։
Նախագծի վրա Հունգարիան վետո էր դրել ապրիլին՝ պահանջելով, որ Ադրբեջանը եւս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։
Լրատվականի փոխանցմամբ հենց այս բանակցությունների ֆոնին էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախորդ մայիսին մեկնել Հունգարիա՝ հույս հայտնելով, որ հուլիսից մինչեւ այս տարեվերջ Եվրամիության նախագահությունը ստանձնող Բուդապեշտը չի խոչընդոտի Բրյուսելի հետ Հայաստանի խորացող կապերին։
Ըստ «Ազատության» աղբյուրների, աշխարհում հակամարտությունները կանխելու համար ստեղծված այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաեւ բժշկական օգնության ամբուլատորիա։
«Նպատակն է նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները եւ դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի եւ արտակարգ պատահարների ժամանակ», — ասված է «Ազատության» տրամադրության տակ գտնվող դիվանագիտական փաստաթղթերում։