Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Շուշի՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը։ Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։
«Գագաթնաժողովը կկենտրոնանա տրանսպորտի, կապի եւ կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցման վրա: Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի նաեւ գործընկեր երկրների ղեկավարների հետ»,-ասել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Reuters գործակալության փոխանցմամբ էլ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը։
Էրդողանի Բեռլին մեկնելու մասին որոշման մասին տեղեկությունը տարածվում է Թուրքիայի հավաքականի անդամ Մերիհ Դեմիրալի դեմ ՈւԵՖԱ-ի սկսած հետաքննության ֆոնին, որը կատարվելու է Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության կողմից օգտագործվող ժեստի ցուցադրման պատճառով։