Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում վերջին մեծ իրադարձությունը Թանգարանների միջազգային օրն էր, որից մեկ շաբաթ անց պատկերասրահի շենքը հեղեղվեց։ Մայիսի 26-ին Լոռուն ու Տավուշին պատուհասած աղետի հետքերն այստեղ դեռ թարմ են։ Տարածքը թեեւ տիղմից մաքրվել ու տեսքի է բերվել, բայց պատերը խոնավ են։ Դա նշանակում է, որ մշտական ցուցադրության գործերը դեռ պահոցում կմնան։
Պատկերասրահի շենքն անմիջապես գետափին է։ 1950-ականների վերջին կառուցված շինությունը սկզբում քաղաքի բացօթյա կինոթատրոնն է եղել, ապա դարձել է խանութ։ Իսկ 1986-ին այստեղ բացվել է Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը։
Ցուցասրահից առանձնացված երկու սենյակներն ու նկուղը, ըստ պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի, փլուզումից հրաշքով են փրկվել։
«Երբ քաղաքում տեսա ջրի քանակը, մտածեցի, որ շենքի ներքեւի հատվածը հաստատ քշել-տարել է։ Լույսը դեռ չէր բացվել, երկաթգծի միջով եմ հասել էստեղ։ Մի քիչ սպասեցի, ջուրը ծնկից վերեւ էր, հետո սկսեցի առաջ գնալ։ Շատ մեծ դժվարությամբ եմ բացել դուռը, ավելի էր ծանրացել, ուռել։ Տղաս անընդհատ զանգում էր Երեւանից՝ պա՛պ, դուրս արի, ամեն պահի շենքը կարար փլվեր։ Ջուրը նկուղ է լցվել, հիմա էլ շատ վտանգավոր է»։
Պատկերասրահի հավաքածուն չի տուժել․ ջրի մակարդակը ներսում ցածր է եղել։ Ռաֆայել Ջավախյանը պատմում է՝ տարածքում փրկարարներ, նաեւ՝ մարզպետարանի պաշտոնյաներ են եղել, առանց նրանց ճանաչելու՝ խնդրել է, որ մոտենան եւ օգնեն։ Նկարները մենակ իջեցրել է պատերից, հետո, հատ-հատ միմյանց փոխանցելով, տեղափոխել են։
Նկուղում ու սենյակներում՝ տարբեր իրեր, ցուցասրահում էլ միայն քանդակներն են հեղեղվել։ Նաեւ նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի՝ երեք տասնյակի հասնող անհատական գործերը, որոնք ժամանակավոր գտնվել են պատկերասրահում։ Անձնական նկարները շենքից չի հանել, որովհետեւ կիսով չափ տիղմի մեջ են եղել։
«Ընկճված էի, մտածում էի՝ հավաքածուն ժամ առաջ փրկեմ խոնավությունից։ Իմ նկարները գետնին, անկյունում դրված էին, բայց անելանելի վիճակ էր էդ պահին, ջրի ու տիղմի մեջ հնարավոր չէր տեղաշարժվել»։
Պատկերասրահի շենքը աղետից ամենաշատը տուժած հատվածներից մեկում՝ Թումանյան թաղամասում է գտնվում։ Այստեղ նաեւ Ռաֆայել Ջավախյանի արվեստանոցն է, որի դուռը «համարձակվել» է բացել ջրհեղեղից երեք օր անց միայն։ Քանդակների մի մասը ջարդված, մյուսներն էլ քայքայված է գտել։ Անպիտան են դարձել բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ։
Գույքագրման գործընթացի ժամանակ, ըստ քանդակագործի, ավտոտնակում տեղակայված իր սեփական արվեստանոցը փորձել են որպես ավտոտնակ գրանցել։ Մինչդեռ վկայականով այն հենց արվեստանոց է։ Իսկ պատկերասրահում վնասի չափի գնահատում ու գույքագրում չի արվել։
«Քաղաքի մշակութային օջախներից մեկն է, միակ տուժածը, բայց ոչ մեկը ոչ եկել ա, ոչ էլ գույքագրել են։ Ո՞վ է մտածում պատկերասրահի մասին։ Միջոցառումների ժամանակ գալիս են, ծափահարում, հիմա ոչ մեկին պետք չենք։ Ես տեղյակ եմ պահել Ազգային պատկերասրահի ղեկավարությանը, ասել են՝ ինչով կկարողանան, կօգնեն։ Վերանորոգումն էլ էստեղ մեր ուժերով կանենք»։
Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսի 25-26-ին ջրհեղեղից տուժած 9 համայնքի 39 բնակավայրում վնասված տների եւ գույքի համար քաղաքացիներին փոխհատուցում կտրվի։ Հեղեղների հետեւանքով տարբեր սոցիալական խնդիրների է բախվել 250 ընտանիք (854 անձ): Աջակցության չափի եւ կարգի մասին կառավարությունը հուլիսի 4-ին որոշում է ընդունել։
Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը թե՛ պատկերասրահի եւ թե՛ սեփական արվեստանոցի վնասների համար հետագայում էլ աջակցություն ստանալու հույս չունի․ մարդիկ տուն եւ ունեցվածք են կորցրել, առաջնահերթը նրա՛նց խնդիրներն են։ Ասում է՝ շատ ժամանակ կհոսի, մինչեւ պետությունը լուծի դրանք։ Այդ ընթացքում իրենց խնդիրներն աննկատ կդառնան։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։