Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, ով նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավարին շնորհել է կառավարություն կազմելու մանդատ։ Սթարմերը այսպիսով պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
«Թագավորն այսօր ընդունել է Պատվավոր սըր Քիր Սթարմեր՝ խորհրդարանի պատգամավորին, եւ նրան խնդրել է ձեւավորել նոր վարչակազմ: Սըր Քիրն ընդունել է նորին մեծության առաջարկը եւ համբուրել նրա ձեռքերը վարչապետ եւ գանձապետարանի առաջին լորդ նշանակվելու կապակցությամբ»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
Սթարմերը դարձավ Լեյբորիստական կուսակցության ձեւավորած կառավարության յոթերորդ վարչապետը։ Նախորդ վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռիշի Սունակը հրաժարականը ներկայացրել է այսօր հուլիսի 4-ի խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո։
Ըստ Ipsos կազմակերպության հարցումների 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 տեղ, ինչը նշանակում է բացարձակ մեծամասնություն։ Նրանց հիմնական մրցակից պահպանողականները հավանաբար կունենան 131 տեղ։ Երրորդ տեղում են լիբերալ-դեմոկրատները՝ 61 տեղով, իսկ չորրորդում՝ 13 տեղով, աջ պոպուլիստական «Բարեփոխումների» կուսակցությունը։ Զգալիորեն կկրճատվի Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայությունը, նրանք կունենան ընդամենը 10 տեղ։ Առավել քիչ թվով տեղեր կարող են զբաղեցնել Ուելսի ազգայնականների ու «Կանաչների» կուսակցությունները․ նրանք համապատասխանաբար կունենան 4 եւ 2 տեղ։