ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում 12 տարեկանից բարձր բնակիչների ավելի քան 40 տոկոսը՝ 135 միլիոն մարդ, ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Առնվազն մեկ դեղաչափ ստացել է բնակչության ավելի քան 50 տոկոսը՝ 167,7 միլիոն մարդ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սպիտակ տունը հայտնել է, որ այժմ իրականացվում է մինչեւ Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, չափահասների 70 տոկոսին առնվազն առաջին դեղաչափ պատվաստելու եւ 160 միլիոն մարդու ամբողջապես պատվաստելու ծրագիրը:
ԱՄՆ-ում 22 տոկոսով նվազել է կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվը, 9 տոկոսով՝ կորոնավիրուսից մահացությունը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, մնում է աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկիրը․ համավարակի ընթացքում ախտահարվել է ավելի քան 33,2 միլիոն բնակիչ, մահացել է շուրջ 594 հազար հիվանդ: