Ռուսաստանը երկուշաբթի առավոտյան զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիեւին եւ Ուկրաինայի այլ քաղաքներին։
Ուկրաինայի իշխանությունների նախնական տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է առնվազն 17 մարդ։ Կրիվոյ Ռոգից եւ Դնեպրից էլ հայտնում են ընդհանուր 11 զոհի մասին։ Հաղորդվում է 112 վիրավորի մասին։
Կիեւում լրջորեն տուժել է երկրի ամենամեծ մանկական հիվանդանոցը՝ «Օխմատդետը» («Охматдет»-охрана материнства и детства)։
Ռուս զինվորականները կրկին զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա, առավոտյան հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Տարբեր քաղաքների վրա՝ Կիեւ, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, մանկական հիվանդանոց»։
«Օխմատդետ» -ի տնօրեն Վլադիմիր Ժովնիրը «Украинская правда»-ին պատմել է, որ հրթիռը խոցել է հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։ Ուկրաինական լրատվամիջոցներն էլ ներկայացրել են հիվանդանոցի միջանցքում պատսպարված երեխաների եւ նրանց մայրերի լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ արյան հետքեր:
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ զոհվել են երկու մեծահասակ, որոնցից մեկը եղել է բժիշկ։ Վիրավորվել են 16-ը որոնցից յոթը՝ երեխաներ են։
Ուկրաինայի վրա ռուսական բանակի զանգվածային հրթիռային հարձակման հիմնական թիրախները կրկին եղել են երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։ Կիեւում հարվածի հետեւանքով ամբողջությամբ ավերվել կամ վնասվել են երեք տրանսֆորմատորային ենթակայաններ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զանգվածային հրթիռային հարվածի մասին տեղեկությունները՝ միաժամանակ պնդելով, որ թիրախները եղել են «Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտները» եւ «Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն բազաները»։ Գերատեսչությունը նաեւ պնդում է, որ քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հրթիռային հարձակման մասին Ուկրաինայի պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Ռուսական կողմի տվյալներով՝ Կիեւում ավերածությունները տեղի են ունեցել «ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետեւանքով»։
Ուկրաինայի ՊՆ-ն չի մեկնաբանել այս հայտարարությունը, սակայն Անվտանգության խորհուրդը պնդում է, որ Ռուսաստանը հարվածել է «Օխմատդետ» -ին հարվածը հասցրել է X-101 հրթիռով, որը կաորղ է արձակվել հեռահար ավիացիայի կողմից։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն էլ հայտնում են, որ ժամը 10:00-ի սահմաններում խոշոր զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի տարածքին 38 հրթիռով, այդ թվում՝ մեկ «Կինժալ», մեկ «Ցիրկոն», 13 «X-101» թեւավոր հրթիռներով եւ 14 «Կալիբր» թեւավոր հրթիռներով։ Նշվում է նաեւ, որ խոցել հաջողվել է 30 հրթիռ (ներառյալ «Կինժալը» եւ 11 հատ «X-101»):