ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 9-ի առավոտյան նիստ կգումարի՝ կապված Կիեւի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Նիստ հրավիրելու խնդրանքով դիմել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սլովենյան եւ Էկվադորը։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը X-ի էջում գրել է․ «ՄԱԿ Անվտանգության խորհրդում մենք կդատապարտենք հիվանդանոցի վրա Ռուսաստանի վախկոտ եւ անբարոյական հարձակումը»։
Ռուսական հարվածը դատապարտել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Կիեւի մանկական հիվանդանոցի եւ բժշկական կենտրոնի վրա հարձակումն անվանել է «առանձնապես ցնցող»:
Եվրամիության դատապարտող հայտարարության տեքստում էլ նշվում է, որ հիվանդանոցները՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, օգտվում են հատուկ պաշտպանությունից։
«Հարձակվելով ուկրաինական մանկական բժշկության եւ մանկական քաղցկեղի բուժման խորհրդանիշ «Օխմատդետի» վրա եւ հարձակվելով ամենախոցելի երեխաների վրա՝ Ռուսաստանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր դաժանությունն ու իր կատարյալ անազնվությունը խաղաղության եւ խաղաղության բանակցությունների հարցում»,-ասվում է ԵՄ հայտարարության տեքստում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ նիստի ընթացքում ռուսական կողմը նախատեսում է «գործընկերներին ծանոթացնել այնպիսի փաստերի հետ, որոնք բացարձակապես չեն հաստատում այս միջադեպի ուկրաինական եւ արեւմտյան վարկածը»։
Հուլիսի 8-ի առավոտյան ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Ուկրաինայի քաղաքների վրա։ Հարվածներն ուղղված են եղել Կիեւում, Դնեպրում, Կրիվոյ Ռոգում եւ Դոնեցկի մարզի մի շարք քաղաքների ենթակառուցվածքներին։ Մայրաքաղաք Կիեւում հրթիռներից մեկը խոցել էր «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը, ինչի հետեւանքով վնասվել են վերակենդանացման, վիրահատության եւ ուռուցքաբանության բաժանմունքների շենքերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ նախօրեին ռուսական բանակի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վիրավորների թիվը հասել է 170-ի, որից 13-ը՝ կրկին երեխաներ են։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հարձակումները իրականացրել են Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների եւ ավիաբազաների վրա, իսկ Կիեւի մանկական հոսպիտալի ավերածությունները տեղի են ունեցել քաղաքի մոտ արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետեւանքով։