ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ-ում աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է, թե ԱԳՆ-ն երբեւէ չի կարող «ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Նա ընդգծել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց դրանով։
Այվազյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն, նաեւ դեսպանությունները ապացուցեցին, որ կարողանում են մեր երկրի պետական եւ ազգային շահերը առաջ մղել եւ նշել կարմիր գծերը։
«Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարեւոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, եւ մենք առավել քան երբեւէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջեւ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ընդգծել է արտգործնախարարի պաշտոնակատարը։
Արա Այվազյանը նշել է, որ իր գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, եւ բոլոր որոշումները հիմնված են եղել բոլորի մասնագիտական աշխատանքի եւ խորհրդի վրա։
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի արտահերթ նիստից ժամեր անց, երբ հայտնի դարձավ իրավիճակի հանգուցալուծման Փաշինյանի առաջարկը։
Վարչապետի ժ/պ-ն առաջարկում է սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։
Հրաժարականի դիմումից չորս օր անց դեռեւս հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանն ընդունե՞լ է Արա Այվազյանի հրաժարականը։
Արա Այվազյանն արտգործնախարար էր նշանակվել պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Դրանից առաջ նա Հայաստանի դեսպանն էր Մեքսիկայում ու մի քանի եվրոպական երկրներում։ Այվազյանը պատերազմից հետո հրաժարական ներկայացնող երկրորդ արտգործնախարարն է։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ արտգործնախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը:
«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք, մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի՝ այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- ըստ «Արմենպրես»-ի՝ նշել է Գեւորգյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Մարուքյանը հիշեցրել էր, թե քանի որ սահմանադրական կարգավորումների արդյունքում ՀՀ-ն չի կարող ԱԳ նախարար նշանակել, մինչեւ ընտրությունների ավարտը Հայաստանն արտգործնախարար չի ունենա։
Նա Արա Այվազյանին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորել էր այժմ՝ վերջին պահին, հրաժարական չտալ եւ երեք շաբաթ էլ համբերել։ Մարուքյանը նշել էր, որ հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտգործնախարարի մնալը խայտառակություն է։
«Մեր արտաքին ճակատը պահե՛ք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչ իշխանություն էլ ձեւավորվի, չի կարողանալու այդ բացերն ու կորուստները լրացնել»,- նշել էր Մարուքյանը։
Թարմացում․
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Դեռեւս փետրվարից մամուլում լուրեր էին պտտվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ մեկ շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում է, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։