Հուլիսի 2-ին, կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոսել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ուժեղ օգնության մասին եւ ավելացրել, որ դրանով մաքրվել է Բորալթանի ողբերգության ամոթը:
Խոսքը 1944 թվականի մի իրադարձության մասին է, երբ նախագահ Իսմեթ Ինենյուն խորհրդային կողմին է հանձնել Թուրքիայում ապաստան գտած ադրբեջանցի 176 դասալիքների, որ սահմանը հատելու տեղում՝ Արաքս գետի վրա Բորալթան կամրջի վրա գնդակահարվել են:
Ում ինչ ուղերձ էր հղում Էրդողանը՝ կարելի է ենթադրություններ անել: Իշխող տպավորություն է, որ Թուրքիայի նախագահի պատմական էքսկուրսի հասցեատերն Իլհամ Ալիեւն է: Էրդողանը նրան հասկացնում էր, որ Ադրբեջանի անվտանգության եւ ամբողջության երաշխավորը Թուրքիան է, իսկ Ռուսաստանը հարկ եղած դեպքում չի զլանա վերադառնալ խորհրդային դարաշրջանի ագրեսիային:
Թուրքիայի նախագահի «բորալթանյան սիմվոլիկան» կարելի է նաեւ այլ իմաստով հասկանալ, քաղաքական տեքստը միշտ տարընթերցումների տեղ թողնում է:
Բայց այն, ինչ օրերս հայրենական լրատվամիջոցներից մեկի հեղինակն է ձեւակերպել, մեզ անցյալի անառողջ կանխատրամադրվածությանը վերադարձնելու միտում ունի: Նա կարծում է, որ Բորալթանի ողբերգության հիշատակումը վիրավորում է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի արժանապատվությունը, Մոսկվան դա չպետք է հանդուրժի, իսկ մեզ մնում է ունենալ իշխանություն, որ կաջակցի նրան:
Հարցի բարոյականը, թե որքանո՞վ է արդարացի 176 մարդու անդատուդատաստան գնդակահարության հիշեցումը որակել ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի արժանապատվության ոտնահարում, մի կողմ թողնենք։ Հիշենք, որ շուրջ տասը տարի առաջ Անկարան պարզապես նվաստացրել է Ռուսաստանին՝ Սիրիայի օդային տարածքում խոցելով նրա մարտական ինքնաթիռը եւ ապա կազմակերպելով դեսպանի սպանությունը եւ ոչ միայն մնացել է անպատիժ, այլեւ 2016-ի ամռանը բացառիկ հետախուզական տվյալներ է ստացել՝ Էրդողանին փաստացի փրկելով օդանավի խորտակման աղետից:
Ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել Մոսկվան՝ իր խնդիրն է: Վտանգավորն այն է, որ հայ հրապարակախոսը տեսնում է հեռանկար, երբ Ռուսաստանը կվերականգնի իր արժանապատվությունը, եւ Հայաստանն էլ կունենա նրան աջակցող իշխանություն:
Ասվածը եթե ապակոդավորենք, իսկ դա խիստ անրաժեշտ է, կարձանագրենք, որ Հայաստանում կա հանրային մի խավ, թերեւս՝ քաղաքական գաղափարախոսություն, որը կարծում է կամ նույնիսկ համոզված է, որ ռուս-թուրքական պատերազմ պետք է լինի, եւ Հայաստանը գործող իշխանությանը կհեռացնի, որպեսզի լինի Ռուսաստանի դաշնակիցը:
Երբ 1913 թվականին Հովհաննես Թումանյանը համոզված էր, որ ռուսը հարվածել եւ հարվածելու է Թուրքիային, որպեսզի Ցարգրադի (Կոստանդնուպոլսի) դարպասներին մեխի իր հաղթական վահանը, մարի Անատոլիայի դժոխքը եւ Արեւելքի քրիստոնյաներին փրկի օսմանյան տիրապետությունից, որոշ հիմքեր ուներ. հասունանում էր համաշխարհային պատերազմ, Թուրքիան ճանաչված էր ,,հիվանդ,, եւ հայ բանաստեղծը կարող էր ենթադրել, որ Օսմանյան կայսրությունը կպարտվի, հպատակ ժողովուրդներն էլ ազատություն կստանան:
Բայց այսօր վարկածել, թե Ռուսաստանն այնքան է հզորանալու, որ Թուրքիայից իր արժանապատվությունը տրորելու դիմաց պատերազմական հաշիվ է պահանջելու՝ ոչ մի առումով իրատեսական չէ: Եւ եթե անգամ ռուս-թուրքական պատերազմն ինչ-որ փուլում անխուսափելի լինի, Հայաստանը չպետք է ռազմական բախման թատերաբեմի վերածվի:
Ավելին, հենց այսօր, այժմ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման հավանականությունն իսկ բացառվի: Ոչ միայն նրա համար, որ ռուս-թուրքական մի քանի պատերազմներից հետո Ռուսաստանը եւ Թուրքիան, այնուամենայնիվ, ընդհանուր շահերի հիմքով համաձայնության են եկել: Պարզապես առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարով պատերազմը Հայաստանին հակացուցված է, տարածաշրջանային դիմակայությունից մենք առարկայական ոչ մի շահ չունենք:
Եւ եթե կա իշխանություն փոխելու անհրաժեշտություն, ապա շարժառիթ դարձնել Ռուսաստանի արժանապատվության վերականգնմանը մասնակցելը, նշանակում է թեման փակել:
Անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո որեւէ գիտակից հայ հանուն Ռուսաստանի արժանապատվության չի միանա իշխանափոխության որեւէ շարժման: Որովհետեւ ամեն ինչից, այդ թվում՝ պատմական բարդույթներից վեր կա սեփական արժանապատվություն, որ չի կարող օտարներից հարգվել, եթե ինքներս չհարգենք:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն, անշուշտ, շատ պահանջված է, բայց՝ ոչ ռուս-թուրքական պատերազմի եւ դրան Հայաստանի մասնակցության կոդավորմամբ: Նաեւ մտավորականի, հրապարակախոսի խնդիրն է՝ հուշելու նոր մոտեցումներ: Իր արժանապատվության վերականգնման հարցը լուծելու ռեսուրս Ռուսաստանը միշտ էլ կգտնի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։