ԱՄՆ Պետդեպարտամենտը անհեթեթ եւ հեգնական է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը, թե Վաշինգտոնը ցանկանում է փոխել Վրաստանում իշխանությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով հուլիսի 9-ին ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
«Սա կատարյալ սուտ է։ Կարծում եմ՝ բավականին պարզ է, որ դա ամբողջապես սուտ է»,- պատասխանել է Միլլերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը նման կեղծ եւ անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում Վրաստանի եւ աշխարհի այլ երկրների գործերին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտության վերաբերյալ։
Մեթյու Միլլերը հեգնական է անվանել, որ Ռուսաստանը, որն անօրինական կերպով օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, անհեթեթ մեղադրանքներ է ներկայացնում այլ երկրի հասցեին։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Վրաստանում հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վաշինգտոնը վճռականորեն ձգտում է իշխանափոխության հասնել։