Խաղաղության պայմանագիրը մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄԶԳ-USAID) տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացին։
«Հայաստանն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առեւտուր անել, սահմանները պետք է բացվեն ապրանքների համար, եւ մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել․ դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ»,- Նշել է Փաուերը։
Հիշեցնելով, որ մի քանի ժամից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում ԱՄԶԳ տնօրենը նշել է․ «Բլինկենը կողմերին հաղորդելու է հետեւյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ»։
Փաուերի խոսքով կողմերը մոտ են կանգնած խաղաղության պայմանագրին, եւ դրանով կարող են վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ Նա վստահեցնում է, որ Վաշինգտոնը կոգնին Երեւանին խաղաղության հասնելու հարցում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,-եզրափակել է Սամանթա Փաուերը։