ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան խորհրդակցությունների նպատակով կայցելի Վրաստան եւ Հայաստան։ Այցը կտեւի մինչեւ հուլիսի 17-ը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թբիլիսիում եւ Երեւանում սպասվող հանդիպումների ժամանակ Պետքարտուղարի տեղակալը նախատեսում է բարձրացնել «ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի եւ խոսքի ազատության», ինչպես նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցեր։
Հայաստանում պետքարտուղարի տեղակալը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման եւ օրենքի գերակայության, հակակոռուպցիոն եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ քննարկումների համար:
Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշվում է, որ Զեյան խորհրդակցություններ կանցկացնեի նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի եւ այլ կառույցների ներկայացուցչությունների հետ՝ խոցելի եւ մարգինալ խմբերին աջակցություն տրամադրելու համար։
Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նույնպես հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների եւ օրենսդիրների հետ, որպեսզի հայտնի ԱՄՆ-ի խորը մտահոգությունը՝ կապված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի եւ այլ ոչ ժողովրդավարական օրենքների ընդունման, ինչպես նաեւ Վրաստանի կառավարության վնասակար հռետորաբանության շուրջ։
«Նա հստակորեն կհասկացնի, որ կառավարության ոչ ժողովրդավարական պահվածքը եւ Միացյալ Նահանգների մասին ապատեղեկատվությունը վնաս են հասցրել մեր երկրների երկարամյա հարաբերություններին»,-ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ Զեյան նաեւ կընդգծի Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ եվրոատլանտյան իտեգրմանը վրաց ժողովրդի հավատարմությունը։