Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր աշխատանք են կատարել բանակցությունների եւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այն երկարաժամկետ է, արժանապատիվ։ Այն բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի եւ Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: Ադրբեջանն ու Հայաստանը կիսում են այս տեսակետը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը, ում խոսքերը հրապարակել է Պետքարտուղարության կայքը։
Բլինկենը նշել է, որ այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել եւ աջակցել կողներին՝ Եվրամիության եւ Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին: Նրա խոսքերով Վաշինգտոնի հանդիպումը լավ հնարավորություն է ձեռք բերված առաջընթացի արդյունքներն ամփոփելու եւ բաց մնացած հարցերը նախանշելու համար։
«Բայց ելնելով այն բոլոր պարտավորություններից, որոնք մենք ունեցել ենք, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի: Այնպես որ, ես շատ շնորհակալ եմ այսօրվա համար, որպեսզի նորից գնահատենք, թե որտեղ ենք մենք եւ տեսնենք, թե ավելին ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ համաձայնության հասնելու համար»,-ասել է պետքարտուղար Բլինկենը։
Նշենք, որ հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրութայն համաձայն «կողմերը նշել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը եւ համաձայնել են շարունակել աշխատանքները»։