ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայանգրին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության տեքստում։
«Նրանք քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը եւ ընդգծել են գործարքը հնարավորինս արագ ավարտելու կարեւորությունը»,-ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ կողմերի քննարկման թեմաները վերաբերվել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը եւ Չինաստանից բխող մարտահրավերներին, այդ թվում եւ Պեկինի կողմից Ռուսաստանի ռազմարդյունաբերական բազային աջակցությանը։
Բլինկենն ու Բերբոքը քննարկել են նաեւ Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցմանն ուղղված ջանքերը, որը կարող է ապահովել պատանդների ազատ արձակումը եւ մարդասիրական օգնության կրկնապատկումը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում հետագա էսկալացիան եւ Իրանից բխող ընդհանուր սպառնալիքը կանխելու կարեւորությունը:
Կողմերը նաեւ ողջունել են Գերմանիայում սովորական հեռահար հրթիռային համակարգերի տեղակայման մասին հայտարարությունը, որը իրականացվելու է 2026 թվականից։