Ռուսական կողմը ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ եւ հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքերով Երեւանը իր ունեցած մտահոգությունները կառուցողական քննարկելու փոխարեն այլ ուղի է ընտրել։
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան աջացնել, բացի չափազանց մեծ ափսոսանքից»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքով, Ռուսաստանի «ռազմավարական պարտությանը» ձգտողների հետ նման տեմպերով համագործակցության խորացմամբ Երեւանը վտանգում է Հարավային Կովկասի կայունությունը՝ այդ թվում եւ ի վնաս սեփական անվտանգության։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր հետեւանքները»,- հավելել է Գալուզինը։