Հազար անգամ է ասվել, հազար անգամ էլ պետք է ասվի՝ մեզ պատերազմի ու պարտության տարել են մեր անհեռատեսությունը, մեր կամակորությունը եւ իրականությունը մերժելու ու մեր կերտած անիրական աշխարհում ապրել ցանկանալու մեր գայթակղությունը։
Մեր կերտած աշխարհում մենք հզոր էինք։ Այդ աշխարհում մենք անպարտ էինք։ Այդ աշխարհում մենք լուծել էինք Արցախի խնդիրն ու դրել էինք վերջակետը։ Այդ աշխարհում մեզ ոչինչ չէր սպառնում։
Արի ու տես, որ պարտությունն անգամ դաս չի դառնում։ Այսօր էլ են մեզ կեղծ իրականություն մատուցում։ Իշխանավորներին լսելիս կարելի է կարծել, թե չլուծվող խնդիրներ չունենք այլեւս, արդեն Եվրոպայում ենք, լուծել ենք հայ-թուրքական խնդիրը, հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը շուտով կստորագրվի, սահմանազատման գործընթացը հարթ է ու անխոչընդոտ, երկիրն էլ, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ խաղաղության խաչմերուկ կդառնա։
Իրական կյանքում, բայց, պատկերն այլ է բոլորովին։ Ունենք լուրջ հակառակորդներ, բայց չունենք ծանրակշիռ աջակիցներ։ Երբեմնի դաշնակից Ռուսաստանը ոչ բարեկամ է դառնում։ Եվրոպան հեռու է ու տարված է իր հոգսերով։ Թուրքիան պահանջներ ունի ու վերջնագրեր՝ պետք է հրաժարվենք մեր պատմությունից ու մեր հիշողությունից։ Ադրբեջանը` սահմանազատումը որպես խաղաքարտ օգտագործելով, ոչ միայն մեր տարածքներից հետ քաշվել չի պատրաստվում, այլեւ Հայաստանից ստորադասություն է պահանջում։
Այս պահանջն անթաքույց է։ Ասում են՝ չպետք է զինվեք, չպետք է պաշտպանվելու կարողություն ունենաք, մեր նկրտումներին չպետք է դիմակայեք, գլխիկոր պետք է ընդունեք մեր թելադրանքները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պարտվել եք։
Այո՛, մենք պարտվել ենք։ Բայց սա չի նշանակում բոլորովին, թե պարտությունն այլեւս մեր ճակատագիրն է ու մենք գերին ենք մեր պարտության։ Պարտությունից հետո ոտքի կանգնել հնարավոր է։ Ամրանալ հնարավոր է։ Դրա համար, բայց, մտածված ու մշակված ծրագրեր են պետք։ Դրա համար իրատեսություն է պետք ու հեռատեսություն։ Պետք են ոչ թե դատարկ կարգախոսներ ու պահի ազդեցությամբ թելադրված հայտարարություններ, ոչ թե քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված հռետորաբանություն, այլ վիճակին համահունչ, իրագործելի ծրագրեր։ Հակառակ դեպքում՝ պարտությունից պարտություն ընթացքը կշարունակվի ու պարտությունը ճակատագիր կդառնա։
Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում։ Այստեղ հնարավոր չեն այն պայմանները, որոնք եղել են, ասենք, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում եւ պարտված Գերմանիային ոտքի կանգնելու հնարավորություն են ընձեռել։ Ոչ էլ ունենք պարտված Ճապոնիայի պայմանները։ Այստեղ մեզ խանգարում են ու խանգարելու են։ Բայց, ուզենք թե չուզենք, այստեղ ենք ապրում, այստեղ ենք ապրելու, այստեղի պայմաններն էլ պետք է հաշվի առնենք։ Պետք է հասկանանք մեր հարեւանների շահերն ու նկրտումները, կարողանանք համադրել մեր շահերը նրանց շահերին ու, միաժամանակ, կարողանանք հակազդել նկրտումներին։
Բայց ինչպե՞ս կարող է դիվանագիտական աշխատանքի ոչ մի օրվա փորձ չունեցող երիտասարդը, ընդհանրապես որեւէ աշխատանքի փորձ չունեցող երիտասարդը, որն անհայտությունից երկրի կառավարման ղեկին է հայտնվել, մասնագիտական հսկայական ճանապարհ անցած դիվանագետների հետ բանակցել այնպիսի բարդ խնդիրների շուրջ, ինչպիսիք են հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններն ու շահած դուրս գալ։ Կամ ինչպե՞ս կարող են զինվորական գործից անտեղյակները շտկել պարտված բանակի մեջքը եւ ժամանակակից բանակ կազմակերպել։
Արդեն վեց տարի է, ինչ աշխատանքային կենսագրություն չունեցող, ընդհանրապես, կենսագրություն չունեցող անփորձներն իշխանության են։ Այս տարիների ընթացքում նրանք ոչինչ չսովորեցին։ Նույն անփորձները մնացին։ Մնացին նույն պոպուլիստներն ու նույն անպատասխանատուները։ Քայլում են փորձանքից փորձանք, անծրագիր ու վայրիվերո, դրսերում՝ մոլորված ու պարտության ծանրության տակ կքած, ներսում՝ ագրեսիվ, ցինիկ ու սանձարձակ։
Պարտությունը ճանաչելու ու հասկանալու, հաշվարկված քայլերով պարտության վերջակետը դնելու փոխարեն ողջ ընթացքում նրանք ինքնաարդարացումներով ու մեղավորների փնտրտուքով են զբաղվել։ Պարտությունն իրենցից վանելու մարմաջով տարված դարձել են պարտության գերին ու մեզ էլ դեպի այդ գերություն են քարշ տալիս։ Եւ շարունակվում է մեր պարտությունը։ Շարունակվում է Անկարայից ու Բաքվից հնչող պարտադրանքների տեսքով. կատարեք մեր պահանջները, փոխեք ձեր սահմանադրությունը, հրաժարվեք ձեր խորհրդանիշներից, տվեք մեզ ձեր տարածքները, մոռացեք ձեր պատմությունը, ընդունեք մեր գերիշխանությունը։
Պարտության վերջակետը դնելը բարդ գործ է։ Շատ բարդ գործ է։ Դրա համար կարողություններ ու հմտություններ են պետք, պետական գործչի որակներ են պետք, որ չեն ունեցել երբեք ու անցած այս տարիների ընթացքում ձեռք բերել չեն կարողացել նրանք, ովքեր 1998-ից իշխանավոր են մեր երկրում։
Այս պարագայում մեր պարտությունը, ցավոք, դեռ կշարունակվի, եւ, եթե կա ազատում այս ծանր բեռից, ապա ոչ թե այս իշխանավորների շնորհիվ է լինելու, այլ մեզ համար բարենպաստ հանգամանքների, որ աշխարհում ընթացող զարգացումները կարող են ձեւավորել։
Այս որակի իշխանության դեպքում հրաշքի սպասելը բոլորովին էլ պախարակելի չէ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։