Հայաստանի կառավարությունը «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխելու որոշում է ընդունել, որովհետեւ իշխանության ռազմավարության եւ քաղաքականության հիմքում դրվել են պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով նման որոշման էությունը միայն անունների փոփոխության մեջ չէ։
«Մեր ստացած կրթության համատեքստը կենտրոնում պետություն չունենալն է, եթե ուզում ենք, որ պրոցեսները պետության ուժեղացման կայացման եւ պետության հարատեւության ապահովման տեղ ունենան, պետք է այդ խնդրի լուծումը գտնենք այդ թվում կրթության ոլորտում»,-ասել է Փաշինյանը եւ հավելել․ «Հայաստանի պատմության» եւ «Հայոց պատմության» իմ ընկալումը ո՞րն է․ «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը»՝ պետության չգոյության պատմությունը պետության գոյության դրվագներով»:
Վարչապետի խոսքով՝ սա կարեւոր հայեցակարգային տրամաբանություն է եւ կառավարության համար առանցքային է պետության հարատեւությունն ապահովելու ռազմավարությունը, եւ այն պետք է իրականացվի նախ սոցիալ-հոգեբանական հարթակում։