Վայոց ձորը Հայաստանի քարի դարի հուշարձանների հիմնական կենտրոններից մեկն է։ Եթե վաղ բրոնզե ժամանակաշրջանում բնակատեղիները եւ դամբարանադաշտերը հայտնաբերվում են այդ տարածքից հյուսիս, օրինակ՝ Արարատյան դաշտում կամ Շիրակի մարզում, Արագածի լանջերին, ապա էնեոլիթյան ժամանակաշրջանում հիմնական բնակավայերը Վայոց ձորում կամ Սյունիքում են։
Այդ քիչ հնավայրերից մեկը՝ «Եղեգիս 1»-ը, քարայր-կացարան է, որը բնակեցված է եղել մեր թվարկությունից առաջ 4100-ից -3500 թվականների ընթացքում՝ մեզանից մոտ 6000 տարի առաջ։ Ուսումնասիրում է հայ-գերմանական արշավախումբը՝ կազմված Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի եւ գերմանական Մաքս-Պլանկի ընկերության երկրամարդաբանության ինստիտուտի ներկայացուցիչներից։
Արդեն իսկ հայտնաբերվել են 20 000-ից ավելի կենդանիների՝ այծի, ոչխարի, կովի, շան, կատվի, գայլի, աղվեսի, նապաստակի, այծքաղի (որն այժմ այդ տարածքում չկա) ոսկորների մնացորդներ, ոսկորներից պատրաստված ուլունքներ, քարե գործիքների եւ օբսիդիանի մնացորդների մոտ 2200 նմուշներ, խեցեղենի մոտ 2500 բեկորներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռեւս այդ ժամանակահատվածից սկսած մարդիկ գնացել են Գութանասար, Արտենի, Հատիս եւ այլ վայրեր՝ օբսիդիան բերելու եւ օգտագործելու համար։
Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիամ Սարիբեկյանը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնելով աշխատանքը, նշում է՝ հետաքրքիր արդյունքներ կան։
«Հուշարձանը, ըստ թվագրության մեր անալիզների արդյունքների, ուշ էնեոլիթյան (պղնձեքարի դարաշրջան) բնակատեղի-կացարան է։ Հնագիտության մեջ թվագրության մի քանի մեթոդներ կան, բայց ամենատարածվածը եւ ամենահստակ թվագրություն տվողը ռադիոածխածնային անալիզներն են, որոնք կատարվում են նյութում պահպանվող ածխածնի մնացորդներով։ Ցանկացած օրգանական մնացորդի մեջ ածխածնի միացություն է պահպանվում, որի տրոհումները հետագայում հաշվարկելով կարելի է նաեւ տվյալ առարկան թվագրել, ինչն արվել է «Եղեգիս 1»-ում»,-մանրամասնում է Սարիբեկյանը։
Պեղումները մի քանի խնդիր ունեն։ Դրանցից մեկը «Եղեգիս 1»-ի ճարտարապետությունը հայտնաբերելն է՝ հասկանալու համար՝ վերջիվերջո ինչպիսի կառույցներում են մարդիկ ապրել, քարայրերն արդյո՞ք պատսպարվելու տեղեր էին, թե՞ մարդիկ ճարտարապետական լուծումներ էին տալիս կացարաններին։
Հուշարձանը շատ կարեւոր է նրանով, որ Հայաստանի եւ, ընդահանրապես, Հարավային Կովկասի տարածքում այս պահին պեղվող շատ քիչ ուշ էնեոլիթյան կամ խալկոլիթյան բնակատեղիներից է։ Խալկոլիթյան ժամանակաշրջանում են մարդիկ սկսել պատրաստել բրոնզից առարկաներ․
«Վերջին 50-60 տարիների ընթացքում պեղված այս ժամանակաշրջանին բնորոշ մի քանի հնագիտական հուշարձան կա Հայաստանի ու Հարավային Կովկասի տարածքում։ Ինֆորմացիան շատ քիչ է, ուստի մեծ խնդիր է հասկանալ՝ այդ ժամանակաշրջանում մարդիկ արդյո՞ք նստակյաց կյանք էին վարում, թե՞ տեղից տեղ էին շարժվում, արդյո՞ք մետաղի պատրաստման տեխնոլոգիան այնքան էր զարգացել, որ պատրաստվում էին գործիքներ, մարդիկ ի՞նչ էին ուտում, ի՞նչ էին խմում եւ արդյո՞ք արդեն ունեին զարգացած ճարտարապետություն, թե՞ ուղղակի տեղից տեղ շարժվելով սեզոնային ապրելակերպ էին վարում»,- ասում է Սարիբեկյանը։
Հուշարձանի տարածքում պեղումները կատարողները բրոնզից ասեղի կամ քորոցի նմանվող առարկա են գտել, որի հետազոտություններն այս պահին շարունակվում են։ Դա արդեն իսկ հուշում է, որ այդ ժամանակշրջանից սկսած մարդիկ մետաղի մշակման մասին սկսել էին մտածել։
«Եղեգիս 1»-ի պեղումների գերմանական կողմի ղեկավար, Մաքս-Պլանկ ընկերության երկրամարդաբանության ինստիտուտի գիտաշխատող Մարիյա Անտոնոսյանը հայտնում է՝ հնագիտական հուշարձաններում ոսկրաբանական նյութը շատ կոտրտված է լինում, ինչը դժվարարացնում է նույնականացման աշխատանքը։ «Որպեսզի ինֆորմացիա գտնենք անգամ փոքր բեկորներից, կիրառում ենք ուսումնասիրության մոլեկուլային մեթոդներ»։
Արշավախումբը պարզել է, որ հնավայրի տարածքում բնակված մարդիկ հիմնականում զբաղվել են անասնապահությամբ՝ ոչխարի եւ այծի, քիչ քանակությամբ՝ կովի, նաեւ՝ վայրի կենդանիների։ Անտոնոսյանը դեռեւս չհրապարակված եզրակացության մանրամասներ էլ է հայտնում․ հետազոտել են, թե մարդիկ ինչպե՞ս են կառավարել այդ կենդանիների խմբերը։
«Պարզել ենք, որ իրենք կենդանիներին չէին տեղաշարժում, այսինքն՝ դրանք շարունակաբար փակ միջավայրում են եղել։ Հոտի սեզոնային տեղափոխություն չի կատարվել եւ մարդիկ վարել են նստակյաց կենսակերպ։
Անտոնոսյանը կարեւորում է արշավախմբի մոտեցումներից մեկը՝ իրենք ոլորտի մշակույթ են փոխում Հայաստանում, որպեսզի գտածոների հետագա ուսումնասիրությունների նորագույն մեթոդները կիրառվեն նաեւ մեր երկրում։
«Փորձում ենք փոխել աշխատանքի այն ձևը, երբ նմուշները հայտնաբերում ենք եւ ուղարկում արտերկիր՝ հետազոտության։ Կարեւոր է, որ ոլորտում կրթվողները նույնպես մասնակցեն գործընթացին, այստեղ ստեղծվեն լաբորատորիաներ, ուսանողները նոր գիտելիք ստանան, որպեսզի մոլեկուլային հնագիտության ոլորտը Հայաստանում ձեւավորվի ու զարգանա»,-ասում է արշավախմբի ղեկավարը։
Բոլոր հնագիտական առարկաները հետագայում հանձնվելու են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: