Իսրայելի «Յամինա» կուսակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, ծայրահեղ աջակողմյան-ազգայնական քաղաքական թեւի առաջնորդ Նաֆտալի Բենետն աջակցություն է հայտնել միասնության կառավարություն կազմելու նախաձեռնությանը։
Բենետը հայտարարել է, որ պատրաստ է միանալ կենտրոնամետների դաշինքին, ամբողջ կարողությամբ աշխատել «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ եւ ծառայել միասնության կառավարության գաղափարին։
«Աստծո կամոք մենք միասին կարող ենք դուրս հանել մեր երկիրն այս գահավիժումից եւ վերադառնալ զարգացման ճանապարհին»,- ասել է 49-ամյա քաղաքական գործիչը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է կամ հինգերորդ ընտրություններին, կամ միասնության կառավարությանը։
Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, ուժերի նման դասավորման դեպքում Նեթանյահուի 12-ամյա վարչապետությունը կավարտվի:
Իսրայելում անցած երկու տարում տեղի են ունեցել չորս արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել կայուն կառավարություն կազմել: