Իսրայելը եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են Գազայի հատվածում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ծրագրի հիմնական պայմանների շուրջ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Ըստ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչի, որը ցանկացել է անհայտ մնալ, փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցված են, եւ կողմերը քննարկում են դրա իրականացման մանրամասները։ Սակայն, ինչպես հրապարակմանը բացատրել են ամերիկացի այլ պաշտոնյաներ, դա չի նշանակում, որ համաձայնագիրը կստորագրվի։ Նրանց խոսքերով Ծրագրի մանրամասները «շատ բարդ» են, եւ համաձայնեցնելու համար ժամանակ կպահանջվի:
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։
Առաջինը նախատեսված է վեց շաբաթվա համար եւ ներառում է կրակի ամբողջական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում բնակեցված շրջաններից, ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների ազատում՝ իսրայելական բանտերից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս ընթացքում կողմերը պետք է սկսեն բանակցությունները, եւ հրադադարը կգործի մինչեւ փոխըմբռնման հասնելը։ Երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների, այդ թվում՝ զինվորականների ազատ արձակումը, իսկ երրորդ փուլը Գազայի հատվածի վերականգնում եւ մահացած իսրայելցիների աճյունների փոխանցում հարազատներին։
Իսրայելի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ պաշտպանում են Բայդենի առաջարկը եւ պնդում են, որ գործարքի բոլոր խոչընդոտները ստեղծում են միայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները։