Գյումրիում անշարժ գույքի արժեքն անտրամաբանորեն բարձրացել է: Եթե 2021 թվականին բնակարանը գնահատվում էր 15-25 հազար ամերիկյան դոլար, այսօր 60-70 հազար է։
Տրամաբանությունը հուշում է, որ տնտեսությունը թռիչքային աճ է գրանցել, ժողովրդի սոցիալական վիճակը՝ անհամեմատ բարելավվել, իրականությունը, ցավոք, բոլորովին այլ է:
Հազարավոր անտունների քաղաք Գյումրում բնակարանների թե՛ գները, թե՛ վարձավճարները կտրուկ աճեցին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: Կարճ ժամանակում շուրջ 3000 ռուսներ տեղափոխվեցին Գյումրի, որոշները տներ գնեցին, որոշները՝ վարձակալեցին: Քանի որ Գյումրի եկած ռուսները հիմնականում IT ոլորտի բարձր աշխատավարձով աշխատողներ էին, գյումրեցու համար անհասանելի թվերը վճարելն իրենց համար հեշտ էր:
Այդ օրերին վարձով ապրող բազմաթիվ գյումրեցիներ ուղղակի փողոցում հայտնվեցին. համատարած հանում էին տներից, թե՝ ռուսներին ենք տալու:
Գյումրիում հայտնի «Creative» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Հայկ Մելիքսեթյանն ասում է , որ այսօր քաղաքում տների գների 60 տոկոսից ավելին «նկարված են»: «Մեկն իր տունը շուկայականից շատ բարձր է գնահատում, մյուսը նայում է նրան…այսպես գների արհեստական բարձրացման շղթան շարունակվում է: Որոշներն էլ առաջնորդվում են փորձը փորձանք չէ հայտնի խոսքով, կվաճառվի, թող վաճառվի, չէ՝ կորցնելու բան չունի»: Տներ կան, որ տարիներով վաճառքի են հանել, գնորդ չկա: Որոշները նվազեցնում, վաճառում են, որոշները՝ անդրդվելի են. մեկ լումա չեն իջեցնում գինը:
Հայկը լավ նորություն էլ ունի. վերջերս շուկայում վարձավճարների զգալի նվազում է գրանցվել՝ 20-30 տոկոս: Պատճառը կրկին ռուսներն են. նախընտրել են ամառն անցկացնել ծովափնյա քաղաքներում, վարձակալած բնակարանները հանձնել, գնացել են:
Հայկը հիշում է՝ երկու տարի առաջ գյումրեցիներն իրենց տները մինչեւ 600 հազար դրամով էին վարձով տալիս։
«Բնակարանների պահանջարկն առաջարկից շուրջ 10 անգամ մեծ էր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում: Անգամ մի պահ եղավ, որ բարձր գնով տուն վարձակալել հնարավոր չէր»: Այսօր բնակարանների մի մասն արդեն ազատ է, վարձակալողների են փնտրում:
Մեր հարցին, թե Ղարաբաղից բռնի տեղահանվածների ներհոսքն ազդե՞ց գների բարձրացման վրա, ինչպես Հայկը, այնպես էլ ոլորտի շատ ներկայացուցիչներ փաստում են, որ այդ օրերին վարձավճարներն արդեն այնքան բարձր էին, որ էլ բարձրանալու տեղ չկար: Բացի այդ, տեղահանվածները ռուսների պես վճարունակ չէին, որ ամեն գնով համաձայնեին:
Եթե բնակարանների վարձավճարները նվազում են, նույնը չենք կարող ասել վաճառքի գների մասին: Կանխատեսումները հակառակն են փաստում, շուտով տների առանց այն էլ բարձր գներն ավելի են բարձրանալու:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծող նոր ծրագրով արցախցիներն առաջիկայում կարող են բնակարաններ գնել: Հայկն ասում է՝ մեկ անձին միջինը 3 միլիոն դրամ է հատկացվելու: Այդ գումարով Երեւանում բնակարան ձեռք բերելն անհնար է, ուստի քաղաքում ապրել ցանկացողների առաջին այլընտրանքը Գյումրին է:
Տների առանց այն էլ աստղաբաշխական գները կբարձրանան, շուրջ չորս տասնյակ տարի տնակներում գոյատեւող գյումրեցիների տուն ունենալու հույսը՝ կնվազի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։