ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ հուլիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված իր վերընտրվելու հայտից հրաժարվելու որոշ դեմոկրատների կոչերի հետ: Բայդենը հաստատել է, որ չի պատրաստվում հրաժարվել նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակելուց։
«Այս քարոզարշավում երկար ճանապարհ կա անցնելու, եւ այդ պատճառով ես առաջ եմ շարժվելու։ Կարծում եմ, որ ամենահամապատասխան թեկնածուն եմ նրան հաղթելու, նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Ես մեկ անգամ հաղթել եմ նրան եւ նորից դա կանեմ»,-հայտարարել է Բայդենը:
Սա վճռորոշ պահ է 81-ամյա Բայդենի համար, ով ցանկանում է վերընտրվել Սպիտակ տանը երկրորդ քառամյա ժամկետով, նշում է Voice of America-ի ռուսական ծառայությունը։
Նա խոստովանել է, որ իր ծրագրած շատ բաներ դեռ պետք է իրագործվեն։ Իր խոսքերով սա է հիմնական պատճառներից մեկը, որ նա չէր ցանկանա իր ստանձնած գործերը թողնել ավելի երիտասարդ քաղաքական գործիչներին, ովքեր դեռ բավարար փորձ չունեն։
Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «չի կարող իրեն մեկուսացնել աշխարհից» եւ վստահեցրել, որ իր ղեկավարությամբ Վաշինգտոնը չի հրաժարվի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից։
Նա նաեւ նշել է, որ Իսրայելի եւ Գազայի միջեւ պատերազմը պետք է անհապաղ ավարտվի։ Բայդենը լրագրողներին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի իր ծրագիրը համաձայնեցվել է ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ դեռ կան մի շարք չլուծված հարցեր։