Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, եւ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս: РИА Новости-ին ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բացասաբար ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքով՝ Եվրամիության խնդիրն է ամրանալ Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների ավանդական գործընկերների եւ հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերին։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով Մոսկվան նաեւ մտահոգված է, որ ԵՄ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երեւանի հավանությամբ, այլեւ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական։
«Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության կազմում ներգրավվեցին նաեւ Կանադայի ներկայացուցիչները, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,-ասել է Գալուզինը։
Նրա խոսքերով ԵՄ դիտորդների աշխատանքից շոշափելի արդյունք չի գրանցվել, օրինակ՝ նրանց ներկայությունը չի կանխել հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած պարբերական սրացումները, մինչդեռ առաքելությունը զեկույցներ է ուղարկում անմիջապես Բրյուսել եւ դրանք չի կիսում անգամ Հայաստանի հետ։
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Արեւմուտքի ներկայացուցիչները ռուսական օբյեկտների եւ Հայաստանին հարեւան բոլոր պետությունների վերաբերյալվերաբերյալ հետախուզական տվյալներ են հավաքում»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով, Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երեւանի եւ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումների ժամանակ։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հիման վրա»,-ասել է Գալուզինը: