Դանիայի հանրային ռադիոն հայտնել է, որ ամերիկյան հետախուզական կառույցները Դանիայի ռազմական հետախուզության աջակցությամբ 2012-2014 թվականներին լրտեսել են Եվրոպայի մի շարք բարձրաստիճան ղեկավարների, նրանց թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Դրա մասին հայտնի է դարձել Դանիայի հետախուզական ծառայության համակարգում անցկացված ներքին հետաքննության ընթացքում։
ԱՄՆ հետախուզական ծառայությունը Դանիայի գործընկերների շնորհիվ ստացել է կարեւոր տեղեկություններ Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պետական գործիչների մասին:
Լրտեսվել են, մասնավորապես, Գերմանիայի կանցլերը եւ նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը 2017-ից նախագահի պաշտոնում է: 2019-ին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Տրինե Բրամսենը 2020-ի օգոստոսին տեղեկացվել է այդ լրտեսական ակտիվության մասին:
Բեռլինը հայտնել է, որ վերլուծում է հաղորդագրությունները եւ խնդիրը քննարկում գերմանական ու միջազգային պատկան մարմինների հետ:
Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը դանիացիներից ամբողջական տեղեկություն է պահանջել: Նա հայտարարել է, որ քարտերը պետք է դրվեն սեղանին, անընդունելի է, երբ դաշնակիցները գաղտնալսում են դաշնակիցներին։
Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Յենսենը հայտարարել է, որ Օսլոն մեծագույն լրջությամբ է վերաբերվում այդ մտահոգիչ տեղեկությանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դանիայի օժանդակությամբ ԱՄՆ-ի կողմից եվրոպացի պաշտոնյաների գաղտնալսումը չափազանց լուրջ զանցանք է։
«Մենք պետք է ստուգենք այդ փաստերը եւ դատապարտենք դրանք, եթե պարզվի, որ տեղեկությունը ճիշտ է»,- ասել է Բոնը։