Բաքվում այսօր ավարտվել է նախորդ տարվա օգոստոսին Արցախի Աղավնո գյուղի մոտ ադրբեջանցի սահմանապահների կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը։
Ադրբեջանական լրատվականները նշում են, որ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից 5-ը անցկացնելու է խիստ ռեժիմի ներքո։ Նաեւ նշվում է, որ դատավարական գործընթացի ժամանակ Բեգլարյանին տրամադրվել է փաստաբան եւ թարգմանիչ։
Ադրբեջանը 62 ամյա Ռաշիդ Բեգլարյանին մեղադրում է 1992 թվականին Խոջալուի ողբերգության մեջ իբր մասնակցություն ունենալու, ահաբեկչությունների ու ռազմական հանցագործությունների համար։
Նշենք, որ նույն մեղադրանքներով Բաքուն ավել վաղ 15 տարվա ազատազրկման էր դատապարտել նաեւ 2023-ի ամռանը Հակարիի կամրջից կրկին առեւանգված Վագիֆ Խաչատրյանին, ով Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի վիրահատության համար։