Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտնում է, որ ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիքսին։
Առաքելության X-ի էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ նրանք միացել են Իջեւանի շրջանում դիտարկում իրականացնող ԵՄ պարեկներին՝ «առաքելության աշխատանքի մասին տեղում ավելին իմանալու համար»։
«Շնորհակալություն Նիդեռլանդներին մշտական աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինն էր հայտարարել, որ ԵՄ առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օբյեկտների եւ հարեւան երկրների նկատմամբ։ Նա նաեւ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի հավանությամբ այն կարող է դառնալ մշտական։
Մոսկվան ու Բաքուն մշտապես են բողոքում ԵՄ առաքելության գործունեությունից՝ պնդելով, որ այն նպատակ ունի հետախուզական տվյալներ հավաքել Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի վերաբերյալ։